Կառավարման ակադեմիայի շրջանավարտներն իրենց մեծ լուման են ներդնելու մեր պետության, պետական համակարգի կայացման գործում. Արայիկ Հարությունյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ակադեմիայի՝ 2023 թվականի մագիստրոսական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ գործադիր մարմնի ներկայացուցիչներ, Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի, գիտական խորհրդի անդամներ, ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը, շրջանավարտներ, ուսանողներ:

Մագիստրատուրայի գերազանց շրջանավարտներին դիպլոմներ է հանձնել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել շրջանավարտներին և մաղթել հաջողություններ:

«Կառավարման ակադեմիան տարիներ շարունակ մեր կառավարման համակարգում կարևոր դերակատարություն է ունեցել: Հուսով եմ, որ վերջին երկու տարիներին, երբ արդեն նախկին ուսանողները կրթություն էին ստանում, վերջին փոփոխությունները դրական են ազդել նրանց կրթական բովանդակության վրա:

Կառավարման լավ հմտություններ տալը և լավ հմտություններով օժտված մասնագետները պետության հիմքն են: Բայց, ցավոք, կառավարման վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք դրա մեծ պակասն ունենք, լավ մասնագետների մեծ պակաս ունենք: Անցյալում, ներկայում և ապագայում Կառավարման ակադեմիան այդ բացը լրացնելու կարևոր դերակատարություն է ունեցել, ունի, և հուսով եմ՝ կունենա:

Գործադիրից իմ գործընկերները կփաստեն, որ մենք շատ հաճախ վատ մասնագետին լավով փոխարինելու խնդիր ենք ունենում: Վատին հանում ենք, լավին չենք գտնում: Սա, ընդհանուր առմամբ, մեր հանրային կառավարման խնդիրներից մեկն է: Իրականում, հանրային կառավարման բարեփոխումներում շատ ենք հապաղել, և հուսով եմ, որ վերջին ամիսներին Կառավարության գործադրած ջանքերը հաջողությամբ կպսակվեն: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այդ բարեփոխումների համար առանձին հատվածներով երկու փոխվարչապետերն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանատվություն են ստանձնել, որպեսզի այդ բարեփոխումն արագ ընթանա: Վստահ եմ, որ առաջիկա ամիսներին դրա արդյունքը կտեսնենք: Իսկ այդ բարեփոխումները կյանքի կոչելու առումով ձեր մասնակցությունը շատ կարևոր է լինելու:

Ուստի, ուզում եմ մեծ ուշադրություն դարձնեք այն մրցույթներին, որոնք իրականացնում ենք, չլսեք ոչ մեկին, ով կողքից կասի, թե այս մրցույթի ճակատագիրը կանխորոշված է, արդեն գիտեն այստեղ ով է աշխատանքի անցնելու: Հատկապես աշխատակազմում մենք շատ ենք ցանկանում, որ լավ մասնագետներ գան: Պետք է ձեզ ասեմ, որ մեր ներկա մրցույթներին, երբ մարդիկ տեսել են, որ լավ մասնագետներն իրենց տեղն աշխատակազմում գտնում են, մոտ 20 մասնակից ենք ունենում ամեն մրցույթին:

Նորից ուզում եմ շնորհավորել ձեզ, բոլորիս, Կառավարման ակադեմիային այսօրվա առիթով, բարի երթ մաղթել մեր շրջանավարտներին և վստահ լինել, որ իրենք իրենց մեծ լուման են ներդնելու մեր պետության, պետական համակարգի կայացման գործում», - նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում