ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթ, պատմություն, գույներ ու արվեստ. «ՆԻՆԳՅՈ. ճապոնական տիկնիկների արվեստն ու գեղեցկությունը» ճանապարհորդող ցուցահանդեսն արդեն Երևանում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծեց, որ Ճապոնական մշակույթը հայտնի է իր յուրահատուկ և բազմազան արվեստի ձևերով և այս տիկնիկները բացառություն չեն՝ ներկայացնելով Ճապոնիայի հարուստ մշակութային ժառանգությունը, ներառյալ ավանդույթներն ու սովորույթները:
«Ցանկանում եմ նշել, որ մշակութային փոխանակումը հանդիսանում է ազգերի միջև փոխըմբռնման բանալի: Լիահույս եմ, որ այս ցուցահանդեսը շրջան է լինելու բոլորի համար և վստահ եմ, որ այն նպաստելու է Ճապոնիայի և Հայաստանի միջև հրաշալի բարեկամության հետագա ամրապնդման համար»,-նշեց դեսպանը:
«Նինգյո» խորագիրը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «տիկնիկ» կամ «մարդու կերպարանք», ցուցահանդեսում ներկայացված են ճապոնական տարբեր տիկնիկներ, որոնք արտացոլում են Ճապոնիայի պատմության ընթացքում մշակված տարբեր մշակութային ասպեկտներ։
Ցուցահանդեսում առանձին բաժիններով ներկայացված է ճապոնական տիկնիկների լայն տեսականի՝ ստեղծված արհեստավորների հիասքանչ տեխնիկայով։ Այցելուների ուշադրությունը կհրավիրեն նաև պարզ նյութերից պատրաստված տարատեսակ տիկնիկները: Առանձնահատուկ շեշտադրված է նաև ճապոնական տիկնիկների մշակույթի տարածումը։
Համագործակցության արդյունքում տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նկատել է, որ Ճապոնիայի կառավարության կարևոր ծրագրերից է մշակույթը տարբեր ազգերին ներկայացնելը: Մինչև Հայաստան գալն այս տիկնիկները տարբեր երկրներում արդեն իսկ ներկայացվել են, և այստեղից հետո էլ շարունակելու են իրենց ճամփորդությունը այլ քաղաքներ:
Ռուբեն Բաբայանը, կարևորելով նման միջոցառուների իրականացումն, ընդգծեց, որ երբ խոսում են ժողովուրդների միջև բարեկամության և սիրո մասին, դա գալիս է հենց միմյանց ճանաչելուց, իսկ ճանաչելը և սիրելն, առաջին հերթին, իրականացվում է հենց մշակույթի լեզվով:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ Ճապոնիայի դեսպանի հետ արդեն խոսել են ապագայում նոր հնարավորություններ ստեղծելու և Հայկական մշակույթն ու տիկնիկային արվեստը Ճապոնիայում նույնպես ներկայացնելու ուղղությամբ:
Այցելուներն այս յուրահատուկ ցուցահանդեսը վայելելու հնարավորություն կունենան հուլիսի 7-ից մինչև հուլիսի 27-ը՝ Երևանի պետական տիկնիկային թատրոնում։