Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը ստորագրել են եռակողմ ռազմական համագործակցության ծրագիր
1 րոպեի ընթերցում
![Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը ստորագրել են եռակողմ ռազմական համագործակցության ծրագիր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/07/1114783.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետությունում հուլիսի 5-ին տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
Քննարկումների արդյունքում ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։
Խորհրդակցությունների ավարտին պատվիրակություններին ընդունել է նաև Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսը։