Անառիկ և ամրակուռ «Բերդ»-ը. պարային անսամբլը 60-ամյակը կտոնի հյուրախաղերով ու մենահամերգներով
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ պարուսույց Բորիս Գևորգյանը 1963 թվականին իր մանկապատանեկան պարի համույթն անվանակոչեց «Բերդ»՝ համոզված լինելով, որ անսամբլը երկար կյանք է ունենալու և աշխարհում տարածելու, ճանաչելի է դարձնելու հայկական ազգային պարը:
2023-ին «Բերդ»-ը, որի թե՛ հայաստանյան, թե՛ արտերկրյա համերգները մշտապես անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, տոնում է հիմնադրման արդեն 60-ամյակը:
Հոբելյանի առթիվ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Կարեն Գևորգյանը մտաբերեց, որ հայրը՝ Բորիս Գևորգյանը, վստահ է եղել՝ տարիներ հետո «Բերդ»-ը դառնալու է այնպիսի կոլեկտիվ, որի համբավն ու փառքն ամբողջ աշխարհով է տարածվելու:
«Հայրս անսամբլը հիմնադրել է 1963 թվականին: 1990-ից ես եմ ղեկավարում «Բերդ»-ը: Ստացվում է, որ հորս մշակութային ժառանգորդն եմ, և այն, ինչ նա ստեղծել է, այդ արժեքը ես դարձրել եմ ավանդույթ»,-նշեց Գևորգյանն ու շեշտեց, որ անսամբլն անառիկ ու ամրակուռ է տարբեր սերունդների նվիրումի շնորհիվ:
«Բերդ»-ը նաև դժվար ժամանակների փորձությունների միջով է անցել: Անսամբլի սաներից մի քանիսը զոհվել են հայրենիքի համար, անսամբլի շարքերը նոսրացել են, սակայն «Բերդ»-ը կարողացել է համալրվել այլ պարողներով ու շարունակել առաջ գնալ: Գևորգյանի հավաստիացմամբ՝ համույթը երբեք նվիրյալների պակաս չի ունեցել:
Վաթսունամյա փառավոր կենսագրության ընթացքում «Բերդ»-ը հանդես է եկել աշխարհի գրեթե բոլոր բեմահարթակներում, բարձրագույն պարգևներ, մրցանակներ է նվաճել, բայց ամենաբարձր պարգևը, որին մշտապես արժանացել է, Գևորգյանը համարում է ժողովրդի սերն ու բարձր գնահատականը:
«Անսամբլը մշտապես ճաշակ ու մակարդակ է թելադրել, ինչի մասին շատերն են բարձրաձայնում, սակայն այդ տեսակի մշակութային օջախները մեկ օրում ու կախարդական փայտիկի միջոցով չեն ստեղծվում, այլ երկար տարիների տքնաջան աշխատանքի ու նվիրումի արդյունք են»,-ընդգծում է Կարեն Գևորգյանն ու չի մոռանում խոսել նաև խնդիրների մասին, որոնք միայն իրենցը չեն:
Ըստ նրա՝ այսօր երիտասարդներին դեպի հոգևոր մշակույթը ձեռնարկներով ու համերգներով բերելը շատ բարդ է, որովհետև փոխվել են ինչպես ժամանակները, այնպես էլ գնահատման չափանիշները:
«Երիտասարդ տղաներն ավելի ժամանակակից մասնագիտություններ են ուզում ընտրել, որովհետև պարարվեստում մեծ աշխատանք է հարկավոր, որի դիմաց տղաները չեն կարողանում ապահովել այնպիսի ֆինանսական հոսքեր, որով հնարավոր կլինի լուծել իրենց առաջնային սոցիալական խնդիրները: Կարծում եմ՝ սա առաջնային ու կարևոր հարցերից է, որը միշտ բարձրաձայնել եմ: Եթե մենք նայենք 1990-ականների սկզբից մինչև հիմա, կտեսնենք, որ 70 տոկոսով պակասել է տղաների զբաղվածությունը պարարվեստում: Եթե նման մշակութային քաղաքականություն տարվի պարի նկատմամբ, այսքան անտարբեր վերաբերմունքը շարունակական լինի, ոչ միայն կկորցնենք այն տղաներին, որոնք մտածում են շարունակել պարի ուղղությամբ, այլև ամբողջությամբ կկորցնենք ազգային պարի ոգին, բնավորությունը, հոգեկերտվածքն ու ազգային խառնվածքը»,-նշեց Գևորգյանն ու ընդգծեց՝ «Բերդ» անսամբլում ոչ ոքի չի վճարում. պարողները համախմբվել են ազգային գաղափարի, պարի մշակույթի շուրջ:
Նրա խոսքով՝ «Բերդ»-ն այն առաջնակարգ ստեղծագործական կոլեկտիվն է, որի գոյությամբ է այսօր չափվում ներկա հայ պարարվեստի մակարդակը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:
«Փառքի ու նվիրումի 60-ամյա ճանապարհը «Բերդ»-ը իր անմնացորդ նվիրված արտիստների շնորհիվ է կարողանում անցնել, որովհետև նրանք հավատարիմ են մնում այն վեհ առաքելությանն ու գիտակցությանը, որ պարը մեր հոգեկերտվածքն է, մեր ազգային խառնվածքն ու ազգային նկարագիրն է: Մենք էլ մեր սահմաններն ենք պահում. արթուն զինվորների պես մեր պարուհիները պարի սահմաններն են պահում: Նրանք մշակույթի սահմանապահ զինվորներն են»,- ասաց «Բերդ»-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր բալետմայստերը:
Հոբելյանի առթիվ «Բերդ»-ը տարեգիրք է լույս ընծայել, որում ամրագրել է անսամբլի բեմական գործունեության լավագույն դրվագները, պատմությունը, հայկական պարի պատմությունը, կենսագրությունը, իսկ հուլիսի 18-ին «Բերդ»-ը 30 հոգանոց կազմով մեկնելու է Եվրոպա՝ Ֆրանսիա, հինգշաբաթյա շրջագայության: Այնտեղ մասնակցելու է միջազգային հեղինակավոր փառատոնների, հանդես է գալու մենահամերգներով՝ հեղինակավոր բեմերում ու միջազգային հարթակներում կրկին ու կրկին հանրահռչակելով հայկական պարը:
Հոկտեմբերի 8-ին հոբելյանական մենահամերգով են հանդես գալու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նույն ծրագրով 60-ամյակը Երևանի օպերային թատրոնում տոնել են հունիսի 25-26-ին:
Նոյեմբերին մեկշաբաթյա շրջագայության են մեկնելու Արևելյան Եվրոպա:
«Այնտեղից կվերադառնանք ու կպատրաստվենք դեկտեմբերի 1-2-ին ԱՄՆ-ում հոբելյանական շրջագայություններին»,-եզրափակեց Կարեն Գևորգյանը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները տրամադրել է Կարեն Գևորգյանը