ՀՀ նախագահը Բեռլինում ներկա է գտնվել Հատուկ օլիմպիական խաղերի բացմանը, կարճ զրուցել ԳԴՀ կանցլերի և ՆԳ նախարարի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գերմանական կողմի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, այցի շրջանակներում Հանրապետության նախագահը մասնակցել է Բեռլինում անցկացվող Հատուկ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Խաղերին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկներ: Միջոցառման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ողջունել և կարճատև զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի հետ:
Նշվում է, որ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահի և բարձր ղեկավարության, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: