Մշակույթ

Ղուկաս Չուբարյանի 100-ամյակի առթիվ Երևանում տեղադրվեց քանդակագործի հեղինակած «Սուրբ լինի անունը քո» ստեղծագործությունը

4 րոպեի ընթերցում

Ղուկաս Չուբարյանի 100-ամյակի առթիվ Երևանում տեղադրվեց քանդակագործի հեղինակած «Սուրբ լինի անունը քո» ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ, որը լրանում է 2023-ի հունիսի 16-ին, Երևանի մանկական այգում տեղադրվեց նրա հեղինակած «Սուրբ լինի անունը քո» քանդակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը քանդակագործի դուստրը՝ Անուշ Չուբարյանը, պատմեց՝ հայրը «Սուրբ լինի անունը քո» քանդակն իր լավագույն աշխատանքն է համարել: «Քանդակը նվիրված է հորս եղբոր հիշատակին, որը նահատակվել է 1942 թվականին Սանկտ Պետերբուրգի մոտակայքում: Նա անհայտ կորած է համարվել: Նրա աճյունը գտնվել է 2007 թվականին՝ հորս մահից երկու տարի առաջ: Ես հորս երբեք լաց լինելիս չեմ տեսել: Նա սենտիմենտալ մարդ չէր, լավատես էր: Այդ օրը նրան հեկեկալիս տեսա: Գիտեմ, թե ինչ է, երբ տանն անհայտ կորած կա: Նման ընտանիքներում պատերազմը երբեք չի վերջանում»,-շեշտեց նա:

Անուշ Չուբարյանի խոսքով՝ «Սուրբ լինի անունը քո» աշխատանքը նահանջի մասին չէ, այն մարդասիրության ու զոհի մասին է:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շատ կարևորեց ոչ միայն Ղուկաս Չուբարյան արվեստագետին, այլև մարդուն: «Շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ու հնարավորություն կա մեր քաղաքի ամենասիրված վայրերից մեկում ունենալու նրա քանդակը, որը գալու է լրացնելու մյուս սիրված միջավայրերը, որոնք չենք պատկերացնում առանց Չուբարյանի ստեղծագործությունների: Երբեմն անգամ չենք նկատում, թե ինչքան ենք ապրում դրանցով»,-ասաց նախախարը՝ հիշեցնելով, որ այգուց ոչ հեռու Չուբարյանի՝ Չարենցի կիսանդրին է:

Ըստ նախարարի՝ Հայաստանին թռիչքից չվախեցող ստեղծագործողներ են հարկավոր, որովհետև հենց նրանք են ճշմարիտ արվեստի գրավականը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ շեշտեց՝ հաճախ չէ, որ առիթ է ստեղծվում Երևանի դիմագիծը ստեղծող, կերտող անձի 100-ամյակի առիթվ մեկ վայրում հավաքվել: «Ազատության հրապարակից մինչև Մատենադարան և այլուր: Քաղաքում շատ են Չուբարյանի աշխատանքները՝ Թումանյանի քանդակը, Չարենցի կիսանդրին, Սպենդիարյանի, Մեսրոպ Մաշտոցի քանդակները և այլն»,-ասաց նա: Անդրադառնալով «Սուրբ լինի անունը քո» քանդակին՝ Ավինյանը նշեց՝ առաջին հայացքից այն բավականին ծանր ստեղծագործություն է, քանի որ հերոսը պատերազմի զրկանքների միջով է անցել, բայց երբ երկար ես նայում, տեսնում ես, որ նրա հայացքի մեջ մեծ հույս կա, որը մեզ ստիպում է խորհել այն հարցերի շուրջ, թե ինչերի միջով է անցել Ղուկաս Չուբարյանը, երբ ստեղծել է քանդակը:

Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը պատշաճ նշանավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախագահությամբ: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք միտված են մեծանուն արվեստագետի հարուստ ժառանգության վերարժևորմանը և հանրայնացմանը:

Վաստակաշատ քանդակագործ Ղուկաս Չուբարյանը հեղինակել է Մատենադարանի խորհրդանիշը դարձած Մաշտոց-Կորյուն հուշարձանը, օպերային թատրոնի հրապարակը զարդարող Ալեքսանդր Սպենդիարյանի մոնումենտալ արձանը, Հովհաննես Թումանյանի խոսուն դիմաքանդակը՝ բանաստեղծի թանգարանի մուտքի մոտ, նրա քանդակը Դսեղում, Չարենցի կիսանդրին և այլ գործեր:

Ղուկաս Չուբարյանը ստեղծել է բազմաթիվ դիմաքանդակներ, արձաններ, մոնումենտալ այլ կոթողներ, կերտել ժամանակակիցների ու պատմական անհատների դիմաքանդակներ՝ «Անահիտ», «Ասպետը», «Մարտիրոս Սարյան», «Կոմիտաս», «Հովհաննես Հովհաննիսյան», այլ գործեր: Պատմական դեմքերից՝ «Մովսես Խորենացի», «Անանիա Շիրակացի», «Ֆրիկ», «Թորոս Ռոսլին» հուշարձանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում