Քաղաքականություն

Մնացած դեպքերում մնալու եք լուսանցքում. Ալեն Սիմոնյանն ընդդիմությանն իշխանության հետ երկխոսության առաջարկ է անում

3 րոպեի ընթերցում

Մնացած դեպքերում մնալու եք լուսանցքում. Ալեն Սիմոնյանն ընդդիմությանն իշխանության հետ երկխոսության առաջարկ է անում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանն իշխանության հետ երկխոսության, քննարկման կոչ է անում՝ երկրին օգնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:

«Ասում էիք՝ մենք վերադառնալու ենք Ազգային ժողով՝ մեր օրակարգով: Ո՞րն է ձեր օրակարգը»,-հարցրեց Սիմոնյանը:

Անդրադառնալով ընդդիմության արձագանքին, որ օրակարգն անվտանգությունն է՝ ԱԺ նախագահը հարցրեց. «6 ամիս առաջ, երբ փողոցում էիք, անվտանգություն չկար, հիմա կա՞»:

Անդրադառնալով իշխանության վարկանիշի վերաբերյալ ընդդիմության դիտարկումներին՝ Սիմոնյանը հարցրեց ընդդիմությունից, թե ինչո՞ւ չեն պահանջում նոր ընտրություններ: Ըստ Սիմոնյանի՝ որովհետև ընդդիմությունը 0 ձայն է հավաքելու:

«Եթե ուզում եք ազդեցություն ունենաք, պետք է գաք և մեզ հետ խոսեք: Մենք ենք պատրաստ գալ: Եթե դուք Հայաստանի Հանրապետության շահերով եք հետաքրքրված, իրոք ուզում եք բան փոխել: Դուք համաձայն չեք դրա հետ, բայց շատ ծանր իրավիճակից հետո ընտրություն է եղել, և այնուամենայնիվ, ՀՀ ժողովուրդը գնացել ու իր ընտրությունը կատարել է: Սիրում եք ՔՊ-ին, թե ոչ, այլ հարց է: Եկեք քննարկենք, ինչ-որ բաներ դուք կասեք, մենք կընդունենք, ինչ-որ բաներ մենք կասենք, դուք կընդունենք»,-ասաց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմությունն ընտրել է այլ ճանապարհ:

«Իմ առաջարկը հետևյալն է՝ ուզո՞ւմ եք օգնել ՀՀ-ին, եկեք քննարկենք: Վարչապետը 100 անգամ այդ առաջարկն արել է: Նստենք, առանց իրար պիտակավորելու, առանց պատմելու, թե ով է 133 տարեկան, ով է 5 տարեկան, քննարկենք: Հիմա առաջարկ եմ անում՝ գնացեք, քննարկեք: Գործընթացները չեն կանգնելու, առաջ են գնալու: Մենք ունենք ՀՀ ժողովրդի մանդատը: Եկեք ասեք՝ այս ենք առաջարկում, ուզում ենք լսել ձեզանից, թե ինչ է, հարցեր ներկայացրեք: Սա է առաջարկը: Մնացած բոլոր դեպքերում մնալու եք լուսանցքում, մենք էլ չենք ունենալու ընդդիմություն»,-եզրափակեց Սիմոնյանը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում