Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանը կկալանավորվի 1 ամիս 15 օր ժամկետով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը որոշում է կայացրել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Մանվել Շահվերդյանը:
Ավելի վաղ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը տեղեկացրել էր, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է տնային կալանք:
2023 թվականի մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ. պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցրել: Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Այնուհետև, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, Գայանե Հակոբյանը ասել էր, որ գնում են Եռաբլուր, ինչին դեմ է արտահայտվել Աշոտ Փաշինյանը և հարմար պահի դուրս նետվել ավտոմեքենայից։
Դատարանը մայիսի 20-ին որոշում էր կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին: