Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա, սակայն, օրինակ, 1975թ-ի քարտեզը հիմք վերցնելը Հայաստանի համար ընդունելի լուծում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: Բայց կա հանձնառություն՝ այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ որ քարտեզով, պայմանավորվածություն չկա»,-ասաց Միրզոյանը:

Նա հավելեց՝ որքանով որ իրեն է հայտնի՝ Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահը առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ:

«Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում ու պատրաստակամություն կա շարունակել աշխատանքներն՝ ողջ միջազգային հանրության կողմից և ՀՀ-ի կողմից: Մենք կարծում ենք, որ 1975 թ քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և այդ հիմքով սկսել սահմանազատման աշխատանքները, ընդունելի լուծում է Հայաստանի Հանրապետության համար: Սակայն կոնկրետ քարտեզի համար վերջնական համաձայնություն չկա»,-եզրափակեց արտգործնախարարը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը Քիշնևում հնգակողմ հանդիպումից հետո հայտնել էր՝ կարծես թե կողմերը դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում