Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի թագավորին և վարչապետին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի թագավորին և վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին և վարչապետ, պաշտպանության նախարար Բիշեր Ալ-Խասաունեին՝ Անկախության տոնի առթիվ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հորդանանի թագավորին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ արքայական մեծություն,

Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:

Հայաստանը բարձր է գնահատում Հորդանանի հետ ունեցած ավանդաբար բարեկամական հարաբերությունները և մեծապես հետաքրքրված է առավել ընդլայնելու հայ-հորդանանյան փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:

Ջերմությամբ եմ հիշում Ձեր պատմական այցը Հայաստան և Ձեզ հետ ունեցած հանդիպումը, որի ընթացքում մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հորդանանի Հաշիմյան թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և մշտական առաջընթաց»:

Հորդանանի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Անկախության տոնի առթիվ:

Հայ և հորդանանցի ժողովուրդների դարավոր բարեկամական կապերն ամուր հիմքեր են ստեղծում հայ-հորդանանյան հարաբերությունները զարգացնելու և որակական նոր մակարդակ տեղափոխելու գործում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ընդլայնել մեր փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարեկամ ժողովրդին՝ շարունակական զարգացում և ամենայն բարիք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում