Քաղաքականություն

Բոլորի համար ակնհայտ է, որ այս շրջանում խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերման մասին է. ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Բոլորի համար ակնհայտ է, որ այս շրջանում խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերման մասին է. ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի համար հասկանալի չէ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն այն մասին, թե մեկ-երկու տեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարն այս մասին ասաց 2023թ. Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Ասուլիսում, անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ դեսպան Վիկտորինն ասաց. «Հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և կանցնեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»:

Անդրադառնալով ճշտող հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ երկու կողմերն էլ պետք է զորքերը հանեն՝ դեսպանն ասաց. «Շատ հստակ նշվել է՝ մեկ-երկու կետ կա, որտեղ և հայկական զորքերն են սահմանային տարածքներում: Եվ շատ հստակ սահմանազատում ու սահմանագծում պետք է լինի: Դա է եղել Բրյուսելում օգտագործված հստակ ձևակերպումը»:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ այս հայտարարությանն անդրադարձավ նաև ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը: Բայց հավանաբար խոսքը վերաբերվում է առաջին պատերազմին ԼՂ-ում: Թերևս այդ տեսանկյունից պետք է նայել: Բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի մասին է խոսքը»,-նշեց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ ըստ երևույթին դա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին: «Բայց այստեղ բոլորի համար ակնհայտ է, որ այս շրջանում խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերման մասին է, դրան անդրադարձել են թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն, այլ գործընկերները»,-ասաց Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում