Podcast-Հարց բժշկին. Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, դրանք ենթական են ուղղակի հսկողության. տարին մեկ անգամ պետք է իրականցնել հերթական հետազոտությունը, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք: Ժամանակին հայտնաբերելու և վիրահատության ուղղորդելու դեպքում բուժառուների մոտ գրանցվում է 100 տոկոսով լավացում:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում այս մասին ասաց էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանը՝ անդրադառնալով վահանաձև գեղձի հանգույցներին, առաջացած խնդիրներին և լուծումներին:

«Վահանաձև գեղձը օրգանիզմում շատ կարևոր դեր ունի, քանի որ վահանաձև գեղձի հորմոնները ներգրավված են օրգանիզմի գործունեության բոլոր ընթացքների մեջ՝ թե՛ ուղեղի զարգացման և աշխատանքի, թե՛ մկանների, ոսկորների, սեռական համակարգի և թե՛ սրտի աշխատանքի հետ: Այսինքն, չկա մի այնպիսի համակարգ, որտեղ վահանաձև գեղձի հորմոնները աշխատանք չեն իրականցնում: Վահանաձև գեղձի կատարած աշխատանքը և դերը շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի մեր բոլոր օրգան համակարգերը ճիշտ և համակարգված աշխատեն»,- ասաց մասնագետը:

Անդրադառնալով բավականին տարածված խնդրին՝ վահանաձև գեզձի հանգույցներին, մասնագետը նշեց, որ դրանց առաջացման պատճառները դեռևս բացահայտված չեն, բայց դրանք բավականին տարածված են: Նա նշեց, որ վահանաձև գեղձը շատ հեշտ հետազոտվող գեղձ է և ուլտրաձայնային հետազոտմամբ կարելի է շատ հեշտ բացահայտել: Վերջին տարիներին կան այնպիսի սարքեր, որոնք կարողանում են բացահայտել անգամ միլիմետրանոց փոփոխությունները, այդ իսկ պատճառով այսօր վահանաձև գեղձի հանգույցների բացահայտման քանակը շատ ավելի մեծ է, քան դա եղել է 20 տարի առաջ:

«Հետազոտությունների քանակի ավելացումը նաև բերում է նրան, որ ավելի շատ ենք հայտնաբերում չարորակ հանգույցներ, անգամ ամենափոքր չափերից՝ 5 միլիմետրից սկսած»,- ասաց նա:

Մասնագետն ընդգծեց, որ մինչև հանգույցը տեսանելի չափի չի դառնում, մարդը կարող է առհասարակ ոչ մի գանգատ և սիմպտոմ չունենալ, քանի որ այն պետք է մեծանա մինչև 4 սանտիմետր, որ լինի տեսանելի:

Հայկանուշ Համբարձումյանը նկատեց, որ շատ հաճախ պացիենտները գալիս են խեղդոցի զգացումով և մտածում են, որ դա կապված է վահանաձև գեղձի հետ կամ հանգույցներ ունեն: Բայց հանգուցավոր փոփոխությունները շատ հազվադեպ դեպքում են հանգեցնում խեղդոցի զգացողության առաջացման: Պետք է լինեն մի քանի մեծ, պինդ հանգույցներ, որպեսզի գանգատը կապված լինի հենց հանգույցների հետ:

«Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, դրանք ենթական են ուղղակի հսկողության՝ տարին մեկ անգամ պետք է իրականացնել հերթական հետազոտությունը, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում է բարի ընթացք: Ժամանակին հայտնաբերելու և վիրահատության ուղղորդելու դեպքում գրանցվում է 100 տոկոսով լավացում: Մոտ 5 տարի հետո բուժառուն առհասարակ մոռանում է, որ ուներ այդպիսի խնդիր »,- ավելացրեց Հայկանուշ Համբարձումյանը:

Անդրադառնալով այն տարածված կարծիքին, որ պունկցիոն բիոպսիան կարող է վնաս պատճառել և հանգույցները բարորակից դառնան չարորակ, մասնագետը նշեց, որ նման բան չկա և իրականում դա ոչ մի բարդ պրոցեդուրա չէ և ոչ մի մտավախություն չպետք է առաջացնի պացիենտի մոտ:

Վահանաձև գեղձի հանգույցների մասին մի շարք հարցերի պատասխաններ ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին