Պաշտոնական

Հայաստանի վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:

Բույար Օսմանին իր հերթին ևս ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք ու հետևողական արձագանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում