Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է համագործակցության օրակարգը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է համագործակցության օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից,վարչապետը, ողջունելով Շվեդիայի պատգամավորական պատվիրակության այցը Հայաստան, նշել է, որ երկու երկրներն ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, և Շվեդիան` որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շվեդիայի օժանդակությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարության հզորացմանը և նշել միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ կապերի խորացման գործում:

Բյորն Սյոդերը շնորհակալություն է հայտնել Վարչապետին՝ բարձր գնահատականի համար և նշել, որ Շվեդիան ևս հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերության զարգացմամբ: Ներկայացնելով պատվիրակության անդամներին՝ նա արդյունավետ է համարել հայ գործընկերների հետ շփումները և կիսվել իրենց այցի վերաբերյալ մանրամասներով:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով ընդգծվել է միջազգային հանրության կողմից շարունակական ջանքերի անհրաժեշտությունը:

Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և նշել, որ Շվեդիան կշարունակի իր նպաստը բերել այդ գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում