Արցախ

Մահացել է Արցախի գրողների միության նախագահը. Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել

2 րոպեի ընթերցում

Մահացել է Արցախի գրողների միության նախագահը. Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, Արցախի Հանրապետության գրողների միության նախագահ, Արցախի պետական օրհներգի տեքստի հեղինակ Վարդան Հակոբյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորը ցավով տեղեկացա անվանի բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գրողների միության նախագահ, Արցախի Հանրապետության պետական օրհներգի տեքստի հեղինակ, Արցախի նվիրյալ զավակ Վարդան Սարգսի Հակոբյանի մահվան մասին:

Վարդան Հակոբյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Նա կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում, Շարժման ղեկավար մարմնի՝ «Կռունկ» կոմիտեի նախագահի տեղակալն էր, Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից, Շարժման առաջամարտիկներից մեկը։ Նա անմնացորդ նվիրվել էր համազգային իղձերի ու նպատակների իրականացման վեհ գործին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների և հայ գրականության մեջ ունեցած անուրանալի ավանդի համար Վարդան Հակոբյանն արժանացել է պետական բարձր պարգևների:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա բեղմնավոր գրչի բազմահազար երկրպագուներին ու ընկերներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով։

Վարդան Հակոբյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- ասված է ցավակցական խոսքում:

Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ Վարդան Հակոբյանի հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում