Արցախ

Հաագայի դատարանի որոշումը ևս մեկ միջազգային հիմք է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում․ Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Հաագայի դատարանի որոշումը ևս մեկ միջազգային հիմք է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում․ Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանի որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ևս մեկ անառարկելի միջազգային հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է«Ֆեյսբուք»-ի իր էջում։

«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Մեկ այլ որոշմամբ մերժեց Ադրբեջանի անհիմն պահանջը ականների վերաբերյալ:

Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և այս վարույթում հայկական կողմից ներգրավվածբոլոր անձանց՝ իրենց կարևորագույն առաքելության համար:

Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում:

Սա համարում եմ մեր միջազգային պայքարում կարևոր հանգրվան, և Հայաստանի Հանրապետության հետ միասին շարունակելու ենք հնարավորինս օգտագործել միջազգային իրավական բոլոր մեխանիզմները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Արցախի պետական մարմիններն ունեն իմ հստակ հանձնարարականը առավելագույնս աջակցելու այդ ջանքերին:»

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում