Հայաստանն ու Կորեան մտադիր են երկու երկրներում փոխադարձ դիվանագիտական ներկայացուցչություններ բացել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջան Հո-Ջինը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, արդյունավետ աշխատանք է մաղթել նրան:

«Մենք շատ ենք կարևորում Կորեայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին և այդ ժամանակից ի վեր դինամիկ զարգացում են ապրել: Պետական մակարդակում մենք իսկապես ակտիվ համագործակցում ենք, այդ թվում նաև միջազգային տարբեր հարթակներում:

Մենք բավականին դժվար իրավիճակում ենք գտնվում՝ կապված մեր հարևանների հետ, և այս տարիների ընթացքում դուք միշտ հավասարակշռված դիրքորոշում եք ունեցել, որը շատ կարևոր է մեզ համար: Համոզված եմ, որ ձեր այս քաղաքականությունը կշարունակվի հետագայում ևս:

Համոզված եմ նաև, որ մեր հարաբերությունները կարող են նոր մակարդակի հասնել, և մենք կկարողանանք օգտագործել այն միջոցներն ու հնարավորությունները, որոնք ունենք: Խոսքը ոչ միայն քաղաքական մեր հարաբերությունների զարգացման մասին է, այլև տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտների»,- իր խոսքում ասել է ՀՀ նախագահը:

Դեսպան Ջան Հո-Ջինը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել.

«Ինձ համար մեծ պատիվ է աշխատել որպես դեսպան Հայաստանի Հանրապետությունում, որն ունի հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ:

Ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք՝ մեր երկու երկրները շատ լավ բարեկամներ են և համագործակցություն են ծավալել տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, առևտրի ոլորտում, միջազգային հարթակում համագործակցությունը ևս, նաև երկու ժողովուրդների միջև շփումներն են ակտիվանում»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, կրթության և գիտության ոլորտներում առկա համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ատոմային էներգիայի շահագործման կորեական փորձի կիրառման և նոր ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են ինչպես միջխորհրդարանական դիվանագիտության, այնպես էլ քաղաքական երկխոսության խթանումը և բարձր մակարդակի փոխայցելությունները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները և վերսկսել երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալուն միտված քննարկումները:

Հայերեն Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան