Երաժշտությունից, թատրոնից և հեռուստատեսությունից՝ հոգևոր կյանք. Տեր Թովման իրեն համարում է քահանա, ով ստեղծագործում է
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռ դպրոցից ռեժիսոր դառնալու ցանկությունը Վահան Անդրեասյանին տարավ դեպի արվեստ՝ թատրոն, երաժշտություն, ապա նաև հեռուստատեսություն: «Արմենպրես»-իհետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս.Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանը պատմեց, որ դեռ դպրոցից ցանկացել է ռեժիսոր դառնալ:
«Նույնիսկ տետրի մեջ նշել էի տասը ֆիլմ, որոնք պետք է նկարեի. դրանցից մեկն էլ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքն» էր, և, ըստ երևույթին, հենց դրա համար եմ գնացել համալսարան, որ սովորեմ ու դառնամ ռեժիսոր: Բայց սովորելու ընթացքում հրապուրվեցի կիթառով, ինչպես նաև ընթացքում սկսեցի ուշադրություն դարձնել պոեզիային և սկսեցի ինքս էլ գրել բանաստեղծություններ և երաժշտություն: Ընթացքում նաև սկսել եմ թատրոնում խաղալ և մասնակցել մի շարք ֆիլմերի կրկնoրինակմանը»,-ասաց նա:
Տեր Թովման ընդգծեց, որ երաժշտություն գրում է դեռ 1976 թվականից: «Այն ժամանակ համալսարանում մեր ուսանողները խնդրեցին իրենց բեմադրությունների համար երաժշտություններ գրել, և այդպես սկսեցի թատրոնի համար երաժշտություն գրել, հետո սկսեցի տարբեր երգիչների հետ աշխատել: Տաթևիկ Հովհաննիսյանի հետ ծրագիր ունեինք, նա երգում էր իմ երգերը, հետո նա ինձ ծանոթացրեց տարբեր կոմպոզիտորների հետ և սկսեցի իրենց հետ էլ աշխատել: Մի խոսքով՝ թատրոն, երաժշտություն, էստրադա այնուհետև նաև հեռուստատեսություն. իմ բնակության ոլորտն ու ասպարեզը դա էր»,-ասաց նա:
Նա նշեց, որ այժմ բեմադրություններ չի անում, որովհետև ֆիզիկապես դա հնարավոր չէ, քանի որ, եթե ռեժիսորը սկսում է բեմադրություններ անել, կարող է ամիսներով աշխատել դրա վրա, իսկ նա՝ որպես քահանա, դրա հնարավորությունը պարզապես չունի , բայց երաժշտությանը և պոեզիային դա չի խանգարում: Այժմ աշխատում և գրում է կոնցեռն՝ դասական կիթառի և սիմֆոնիկ նվագախմբի համար:
Տեր Թովման պատմեց, որ սովորել և ավարտել է ջութակի բաժինը, բայց ջութակ չի սիրում: «Հայրս ստիպեց, որ սովորեմ, երբեք էլ չեմ սիրել ճիշտն ասած, բայց միշտ սիրել եմ թավջութակ, կիթառ և դաշնամուր, ինձ դուր էր գալիս այս գործիքների ներքին աշխարհը: Մանավանդ կիթառը քեզ ամփոփում է փակ տարածքում, որտեղ ինքդ քո հոգու հետ ես մնում»,-ասաց նա:
Տեր Թովման պատմեց, որ ժամանակին շատ է նվագել կիթառ, զբաղվել է ռոք երաժշտությամբ և նույնիսկ ռադիոյում հաղորդաշար է ունեցել հատուկ ռոք երաժշտության մասին, որովհետև և՛ երաժշտական աշխարհում, և՛ հոգևոր աշխարհում տարածված էր այն կարծիքը, որ ռոքը սատանայական երաժշտություն է: Նա էլ ներկայացրել է երաժշտության նմուշներ, որ մարդիկ տեսնեին, որ այնքան էլ այդպես չէ, քանի որ շատ էին ռոք երգերը սիրո և հավատի մասին:
«Եվ եկավ մի պահ, երբ որոշեցի մտնել այնտեղ, որտեղ խաղաղություն կա. մտա եկեղեցի և իսկապես այդ խաղաղությունը մինչև հիմա անընդհատ ինձ հետ է: Այնպես ստացվեց, որ ես, ըստ էության, դա էի փնտրում: Աստված բնության մեջ խոսում է, և, եթե քեզ հաջողվում է մենակ լինել, դու գոնե ինչ-որ կերպ կարողանում ես նրա հետ կապվել»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ թատրոնի տարիները, իհարկե, եղել են երջանիկ տարիներ, բայց, երբ իրեն հարցնում են կուզենա՞ր վերադառնալ թատրոն, պատասխանում է, որ բնականաբար, ոչ: «Եվ երբ ինձ հարցնում են դո՞ւ ստեղծագործող ես, թե քահանա, ես պատասխանում եմ, որ ես քահանա եմ, ով ստեղծագործում է»,-եզրափակեց Տեր Թովման:
Հեղինակ՝ Գայանե Գաբոյան
Լուսանկարիչ՝ Մխիթար Խաչատրյան
Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան