Podcast․ Տյառնընդառաջ՝ Տրնդեզ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Տյառընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։

«Արմենպրես»-ի պոդքաստի շրջանակում տոնի խորհուրդն ու արարողակարգը մեզ կներկայացնի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Ավետարանում գրված է,- «Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ, «Տերն ընդ ձեզ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:

Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գնում է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ գալիս է «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնին ժողովուրդը պատրաստվում է սիրով և տոնում այն հավատով, որ Տիրոջ մուտքը տաճար և նրան ընդառաջ գնալը Աստվածային լույսով համակվելու զորություն ունի։ Այն հատկապես նշում են երիտասարդներն ու նորապսակները։ Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում են Տյառնընդառաջի ծիսական արարողությունները։ Երգվում է Լույս Զվարթ Շարականը։ Կատարվում է նախատոնակ։ Արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով քահանաների օրհնությամբ եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Ընդ որում, կրակը վառելու իրավունքը տրվում է հենց այդ տարի ամուսնացած երիտասարդներին։ Փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ պատարագ։ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Բոլոր նորապսակները այդ օրը ընդառաջ են գնում Աստծո լույսին՝ ակնկալելով երջանկություն և բարօրություն։

Տոնի ժողովրդական ավանդությունը։Տյառընդառաջը քրիստոնեկան նվիրական տոներից մեկն է և լայն տարածում ունի մինչ օրս։ Այդ օրը կրակ վառելը տոնի անբաժանելի մասն է կազմում։ Ըստ հնագույն պատկերացման՝ Տրնդեզի կրակը մաքրագործող և պտղաբերող հատկություն ունի։ Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը։ Եվ այս ամենը ազգային երգերի և պարերի ուղեկցությամբ։ Իսկ երեկոյան խնջույքի սեղաններ պատրաստում: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, նորապսակներին հրավիրում էին կրակթռնուկի ծեսի։ Մարդիկ հավատում էին, որ տրնդեզի օրը կրակի վրայով թռչողն ազատվում է չարի ներգործությունից, և եթե կրակթռնուկի ժամանակ մեկի հագուստը խանձվում էր, լավ նշան էր համարվում։ Հնում կրակը կապվում էր կայծակի հետ և օժտված էր նրան չեզոքացնելու ուժով։ Ընդունված էր եկեղեցուց բերված լույսով բակերում կրակ վառել և վրայով թռնել։ Խարույկի մոխիրն էլ շաղ էին տալիս այգում՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ»։ Այդ օրը մարդիկ նշում էին ձմռան ավարտն ու գարնան գալուստը։

Տաթև Զաքարյան

Հայերեն

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 21/07/26