ԵԽ նոր զեկույցը Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, Հայաստանին էլ որակում տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստել է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, ընդգծում է, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ և գովաբանում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը, որոնց արդյունքում ՀՀ-ն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար:

Ինչպես «Արմենպրես»-ն է տեղեկանում Եվրախորհրդարանի կայքից՝ նոր զեկույցում ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը:

Ընդգծելով, որ այս վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի ԼՂ-ի շուրջ երկարաժամկետ հակամարտության հետ՝ զեկույցը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։

Զեկույցը նաև հորդորում է երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի շուրջ, իսկ ԵՄ-ին հորդորում է շարունակաբար ներգրավվել, միջնորդել ու արդյունավետ կերպով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատում են նաև, որ արդյունավետ լինելու համար խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ:

Զեկույցը ողջունում է 2021 թվականի մարտին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելն ու այն իրականացնելու Հայաստանի հանձնառությունը։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև գովաբանում են Հայաստանին՝ վերջին տարիներին իրականացրած նշանակալի բարեփոխումների, ժողովրդավարացման գործընթացի համար, որոնց արդյունքում երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար: ԵԽ պատգամավորները կոչ են անում նաև Եվրամիությանն ու Հայաստանին սերտորեն աշխատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ընթացիկ և ապագա բարեփոխումների իրականացման վրա՝ շեշտելով, որ այն ընդգրկում է համատեղ աշխատանքի լայն շրջանակ:

Զեկույցում նշվում է նաև հանցավորության և կոռուպցիայի դեմ Հայաստանի պայքարի մասին, այն խրախուսում է կառավարությանը շարունակել բարեփոխումները՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և դատական անկախության համար՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը:

Եվրախորհրդարանի պատգամավորները զեկույցով, ողջունելով լրատվամիջոցների ազատության առումով բարելավումները, շեշտում են, որ երկրի մեդիա միջավայրը դեռևս բևեռացված է, ԵԽ պատգամավորները մտահոգված են լրագրողների նկատմամբ ատելության խոսքի և ֆիզիկական բռնության դեպքերով։ ԵԽ պատգամավորները կոչ են անում ջանքեր գործադրել՝ երկրի մեդիա ոլորտի բազմազանության և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին՝ ԵԽ պատգամավորները նշել են, որ ոչ մի միջոց չպետք է հանգեցնի լրագրողների կամ խոսքի ազատության սահմանափակումների։

«ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի ու ԵՄ-ի համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կարևոր քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում երաշխավորել գրեթե 2 ամիս արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»,- քվեարկությունից հետո ասել է զեկուցող Անդրեյ Կովաչևը։

Նշվում է, որ զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: Հանձնաժողովի քվեարկությունից հետո տեքստն ամբողջությամբ կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված