Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 8-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանին կատարած աշխատանքի համար և նշել.
«Պարոն Ավետիսյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս տարիներին կատարած աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս ընթացքում տեսչական մարմինն իրականացրել է մի շարք բարեփոխումներ և սահմանել կարգեր, որոնք օգնել են մեզ տարբեր իրավիճակներում»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ տեսչական մարմնի հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպմանը քննարկվել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առջև դրված խնդիրներին և դրանց արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր: