Հասարակական

Ավելի շատ սփյուռքահայեր են տեղափոխվում Հայաստան 44-օրյա պատերազմից հետո․ Repat Armenia-ն հավատարիմ է իր առաքելությանը

12 րոպեի ընթերցում

Ավելի շատ սփյուռքահայեր են տեղափոխվում Հայաստան 44-օրյա պատերազմից հետո․ Repat Armenia-ն հավատարիմ է իր առաքելությանը

Հայրենադարձների ինտեգրմանը նպաստելու նպատակով կազմակերպված միջոցառում:

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2012թ․ ի վեր «Վերադարձ Հայաստան»-ը խթանում է հայրենադարձությունը, աջակցում է անհատներին և ընտանիքներին ինտեգրվել և հայրենադարձության համար ավելի բարենպաստ միջավայր է ստեղծում։

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»-ը կազմակերպության առաջնահերթությունների, արդյունքների և ծրագրերի մասին զրուցել է «Վերադարձ Հայաստան»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի, Հաղորդակցության հարցերով համակարգող Իշխան Սահակյանի և Ռուսաստանից հայրենադարձած Քրիստինե Բարոյանի հետ։

Վարդան Մարաշլյանը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 2010 թվականին։ Նա 2,5 տարի զբաղեցրել է Սփյուռքի փոխնախարարի պաշտոնը։ Գիտակցելով հայրենադարձության կարևորությունը՝ Մարաշլյանը 11 համախոհ սփյուռքահայերի և հայրենադարձների հետ որոշել է 2012 թվականին ստեղծել «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը։

4Repat Armenia Director Vardan Marashlyan, Programs Manager Marianna Chobanyan.jpeg (520 KB)

«Վերադարձ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն ու ծրագրերի ղեկավար Մարիաննա Չոբանյանը:

«Նախնական գաղափարն էր ստեղծել տեղեկատվական հարթակ, որը, Հայաստան տեղափոխվածների փորձից ելնելով, պոտենցիալ հայրենադարձներին կտրամադրեր գործնական և օգտակար տեղեկատվություն հայրենադարձության և ինտեգրման տարբեր ասպեկտների վերաբերյալ: Այնուամենայնիվ, մենք շատ շուտ հասկացանք, որ պետք է նաև ստեղծել մի հաստատություն՝ մշտական անձնակազմով, որը անհատապես կաշխատի բոլորի հետ, ներառյալ նրանց, ովքեր նոր են սկսել մտածել հայրենադարձության մասին։ Այսպիսով, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը ստեղծվեց 12 ամիս տքնաջան աշխատանքից հետո և անմիջապես սկսեց աշխատել սիրիահայերի հոսքի հետ» - ասաց Մարաշլյանը։

«Վերադարձ Հայաստան»-ը հստակ գիտակցում է, որ հայրենադարձությունը բարդ գործընթաց է։ Ոչ ոք միանգամից նման որոշում չի կայացնում։ Շատ կարևոր է Հայաստանի մասին տեղեկանալ այցելությունների, բացահայտումների, փորձի, կապեր ստեղծելու համար կազմակերպված միջոցառումների, սոցիալական հավաքների, կամավորական հնարավորությունների և կրթական ծրագրերի միջոցով՝ նախքան հայրենադարձության որոշում կայացնելը:

3Networking event with program participants.jpeg (457 KB)

Ծրագրի մասնակիցների համար կազմակերպված ծանոթության (networking) երեկո:

Ինչ վերաբերում է մասնագիտական հնարավորություններին, ապա Մարաշլյանը նշեց, որ թեև կան ոլորտներ, որոնք զարգանում են և մրցունակ աշխատավարձ են առաջարկում, դրանց թիվը և գործունեության ոլորտը դեռևս սահմանափակ է։ «Covid-19-ը աշխարհը դարձրել է գլոբալ՝ ավելի շատ մարդիկ սկսեցին հեռավար աշխատել, ինչը հիանալի հնարավորություն է ստեղծում հայրենադարձության և Հայաստան ներգաղթի համար։ Դրա վառ օրինակն էր 2022 թվականին մասնագետների ներհոսքը Ռուսաստանից։ Ներկայումս Հայաստանում աճում է ՏՏ, ծրագրերի կառավարման, շուկայաբանության և վաճառքի, արտահանման խթանման և հյուրընկալության ոլորտներում մասնագետների պահանջարկը: Ավելի ու ավելի շատ տեղական ընկերություններ պատրաստ են ընդլայնել իրենց թիրախային նոր շուկաները՝ ստեղծելով նոր մասնագիտական հնարավորություններ նորեկների համար», – ասաց նա՝ անդրադառնալով Հայաստանում կարիերա կառուցելու մարտահրավերներին:

6Speed Recruiting event with Dexatel, organized to help the repats to find a job in Armenia.jpeg (336 KB)

Հայրենադարձների՝ Հայաստանում աշխատանք գտնելուն ուղղված միջոցառում:

«Վերադարձ Հայաստան»-ը բաց է Հայաստանի և սփյուռքի պետական և մասնավոր հաստատությունների հետ համագործակցության համար: Այն նաև հատուկ ուշադրություն է դարձնում հայրենադարձների և օտարերկրացիների կենսունակ համայնքի ստեղծմանն ու աջակցությանը` Հայաստանում լիարժեք ինտեգրումը հեշտացնելու համար:

«Վերադարձ Հայաստան»-ը նաև ստեղծել է հայրենադարձների ցանց՝ ավելի քան 12000 անդամով: Այն էկոհամակարգ է, որտեղ պոտենցիալ հայրենադարձներն ու օտարերկրացիները կարող են քննարկել տարբեր հարցեր և մտահոգություններ, ինչպես նաև խորհուրդներ, առաջարկություններ ստանալ փորձառու հայրենադարձներից՝ տեղափոխության կազմակերպման, բնակարանային հարցերի, երեխաների կրթության, առողջապահության և շատ այլ հարցերի վերաբերյալ։

2Meet&Greet with Invest in Armenia.jpeg (12.94 MB)

Ներդրումներ Հայաստանում. հանդիպում և ծանոթություն:

«Վերադարձ Հայաստան»-ի թիմը կենտրոնացած է աշխատանքի տեղավորման աջակցության, Հայաստանում բիզնես վարելու և մասնագիտական կապեր ստեղծելու վրա: 2022 թվականին «Վերադարձ Հայաստան»-ը աշխատանքի տեղավորման անհատական խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 400 դիմորդների, կազմակերպել է 35 ինտեգրացիոն միջոցառում՝ ընդհանուր հաշվով 650 մասնակիցների հետ, 148 համայնքի անդամներ բաժանորդագրվել են մեր բժշկական ապահովագրության փաթեթին և ևս 470-ը մասնակցել են մեր առցանց անդամակցության ծրագրին:

«2021-22 թվականներին մենք իրականացրել ենք Աշխատանքի տեղավորման աջակցության փորձնական ծրագիր մեր հայրենակիցների համար Լիբանանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից։ Ընտրված 58 մասնակիցներ ծրագրի միջոցով տեղափոխվել են Հայաստան, իսկ 48-ը ներկայումս բնակվում են Հայաստանում, բոլորն էլ աշխատանքի են ընդունվել կամ ինքնազբաղ են, ներառյալ նրանք, ովքեր հիմնում են իրենց սեփական բիզնեսները։ Բոլոր մասնակիցները աշխատանքի տեղավորման աջակցություն են ստացել «818 Քոնսալթինգ»-ի կողմից, մասնակցել են հայոց լեզվի կազմակերպված դասընթացների, ստացել են ավիատոմսի փոխհատուցում և երեք ամսվա վարձակալության վճարի սուբսիդավորում» - ասաց «Վերադարձ Հայաստան»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը։

322186254_5192732374162713_752726602598630362_n.jpg (1.11 MB)

Ճանաչողական այց:

Տարեկան «Վերադարձ Հայաստան»-ը ստանում է մոտ 1000 դիմում՝ հայրենադարձության և ինտեգրման աջակցության համար: Դիմորդների մեծամասնությունը 25-ից 40 տարեկան են, ունեն լավ կրթական և մասնագիտական փորձ և դիմում են Ռուսաստանից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Իրանից, Կանադայից, Ֆրանսիայից, Սիրիայից և այլ երկրներից։

«Դժվար է ասել, թե քանի մարդ է հայրենադարձվել Հայաստան 2012 թվականից ի վեր, քանի որ Հայաստանը դեռևս չի ընդունել հայրենադարձության մասին օրենք և հատուկ կարգավիճակ չի տրամադրում հայրենադարձներին։ Մեր գնահատմամբ՝ տարեկան շուրջ 3000 հայ է կամավոր հիմունքներով տեղափոխվում Հայաստան։ Ինչպես նշեցինք, սովորաբար Հայաստան տեղափոխվելու համար ժամանակ է պահանջվում, «Վերադարձ Հայաստան»-ի թիմը նաև դեմ առ դեմ խորհրդատվություն է տրամադրում այն մարդկանց, ովքեր գտնվում են հայրենադարձության վաղ փուլում։ Որոշ դեպքերում դա տարիներ է տևում: Մենք հաճելիորեն զարմացանք, երբ ականատես եղանք 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո հայրենադարձության նկատմամբ ավելի մեծ հետաքրքրության, ինչը վկայում է, որ մեր հայրենակիցները հավատարիմ են ազգաշինության գործընթացին, հատկապես, երբ մեր հայրենիքը վտանգի մեջ է»- ասաց Մարաշլյանը։

4Repat Armenia team and participant Ani Harutyunyan in the airport.jpeg (545 KB)

«Վերադարձ Հայաստան»-ի թիմն ու մասնակից Անի Հարությունյանը՝ օդանավակայանում:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հաղորդակցության հարցերով համակարգող Իշխան Սահակյանն ինքը հայրենադարձ է։ Նա Հայաստան է եկել տասը տարի առաջ։ Սահակյանը հայրենադարձությունը բարդ գործընթաց է համարում և ասում է, որ յուրաքանչյուր հայրենադարձ ունի իր խնդիրները։ «Յուրաքանչյուր ոք կարող է կապվել մեզ հետ մեր կայքի (repatarmenia.org), սոցիալական ցանցերի կամ մեր գրասենյակ այցելելու միջոցովով: Մենք 2022 թվականին գործարկել ենք «Վերադարձ Հայաստան»-ի նոր կայքը, որը թույլ կտա դիմորդներին առցանց դիմել մեր ինտեգրման աջակցության համար և կներառի տեղեկատվություն աշխատանքի տեղավորման հնարավորությունների վերաբերյալ․ մեր ինտեգրման աջակցությունը կազմում է դիմումների 45%-ը: Հարցումը ստանալուն պես ես և իմ գործընկերները արագ արձագանքում ենք բոլոր հարցերին կամ կազմակերպում խորհրդատվություն առցանց կամ գրասենյակում: Կոնկրետ խորը մասնագիտական հարցերի դեպքում մենք տրամադրում ենք տարբեր ոլորտներում ծառայություններ մատուցողների հուսալի կոնտակներ» - ասաց Սահակյանը։

Հայրենադարձների ինտեգրմանը նպաստելու նպատակով «Վերադարձ Հայաստան»-ը կազմակերպում է տարբեր միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս հայրենադարձներին ճանաչել միմյանց, շփվել և ընկերներ ձեռք բերել: Կազմակերպվում են նաև այցելություններ տեսարժան վայրեր: Ավելին, «Վերադարձ Հայաստան»-ը անցկացնում է «Speed Recruiting» աշխատանքի տեղավորման միջոցառումներ, ներառյալ կարճ հարցազրույցներ հայաստանյան ՄՌ ընկերությունների, գործատուների և դիմորդների միջև՝ մեծացնելով հայրենադարձների՝ աշխատանք գտնելու հնարավորությունները:

322154860_495936555959856_8862821940216345367_n.jpg (754 KB)

«Վերադարձ Հայաստան»-ի համայնքի համար կազմակերպված ճանաչողական հանդիպում:

Ծնունդով Ստեփանավանից Քրիստինե Բարոյանը հայրենադարձ է։ Նա չորս տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Նա վերադարձել է Հայաստան՝ ընկերների հետ հարսանիքի մասնակցելու համար, այնուհետև որոշել է ստանալ հայկական անձնագիր և այդ ընթացքում նաև աշխատանք գտնել։ Նա, իմանալով կազմակերպության մասին, դիմել է «Վերադարձ Հայաստան»-ին:

«Ինձ հրավիրեցին հարցազրույցի, որի ընթացքում նրանք ծանոթացան իմ մասնագիտական հմտություններին և պահանջներին, ինձ տվեցին օգտակար խորհուրդներ աշխատանք գտնելու առանձնահատկությունների վերաբերյալ և ընդամենը մոտ մեկ շաբաթ անց ես հարցազրույց անցա իմ ներկայիս գործատուի մոտ: Երկու օր անց նրանցից աշխատանքի առաջարկ ստացա և Հայաստանում մնալու մասին վերջնական որոշում կայացրեցի։ Աշխատում եմ ՏՏ ոլորտում»,- ասաց Քրիստինեն։

photo_5463070565561646555_y.jpg (130 KB)

Հայրենադարձ Քրիստինե Բարոյանը:

Քրիստինե Բարոյանն ասում է, որ սիրում է հայկական բնությունը, մարդկանց վերաբերմունքն ու հյուրընկալությունը։ «Ինձ զարմացրեց մարդկանց բարությունը։ Կենցաղային բաներ կան, որոնք ինձ տարօրինակ էին թվում, բայց ժամանակի ընթացքում ես հարմարվեցի և հասկացա, թե ինչու են մարդիկ այսպես կամ այնպես մտածում », - ասաց Քրիստինե Բարոյանը։

Անժելա Համբարձումյան

Նկարները՝ «Վերադարձ Հայաստան»-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում