Հասարակական

ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Եվրամիության և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների պատվիրակություններին

3 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Եվրամիության և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների պատվիրակություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել Եվրամիության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ «Նա մատնանշեց իրականացվող մի շարք բարեփոխումներ, որոնց իրականացմանն օժանդանելու համար շնորհակալություն հայտնեց հյուրերին։ Ներքին գործերի նախարարը պատրաստակամություն հայտնեց շարունակելու համագործակցությունը, որն ուղղված է ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, հարգանքի արժանի և պրոֆեսիոնալ ծառայություններ ունենալուն։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորեցին Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեցին։

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրեց իրականացված աշխատանքները, որոնք ընդգրկում են ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար և միգրացիոն ծառայությունները։ Այս ուղղությամբ կարևորվեց հատկապես ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագիրը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը ներկայացրեց դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի և ICITAP-ի կողմից կատարված աշխատանքները։ Կարևորվեց հատկապես պարեկային ծառայության ստեղծման և կայացման ուղղությամբ համագործակցությունը։

Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանն ու Դավիթ Համբարյանը հյուրերին մանրամասնեցին նախարարության կազմավորման և իրենց համակարգման ոլորտներում կատարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ներքին գործերի նախարարություն և քաղաքացիական հասարակություն կապին ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարարը ընգդծելով քաղհասարակության հետ մշտապես սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնեց շարունակել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին, բարեփոխումների շարունակականությանը, ծառայություններում կանանց ներգրավվածությանը, Ազգային գվարդիայի կազմավորմանը, կրթական միջավայրի բարելավմանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում