Հասարակական

Ադրբեջանի՝ իրավական վեճի եղանակով բարձրացրած հարցերն առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի՝ իրավական վեճի եղանակով բարձրացրած հարցերն առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը 2023թ․ հունվարի 18-ին ծանուցվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի (Բեռնի Կոնվենցիա) շրջանակներում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտարարություն է տարածել:

«Հայաստանի Հանրապետությունը ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, որի հիմնական նպատակն է «խթանել ․․․․ համագործակցությունը» պետությունների միջև միտված «պահպանելու վայրի ֆլորան և ֆաունան և դրանց բնական ապրելավայրերը»։ Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել է իր՝ տարածաշրջանի վայրի բնաշխարհի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնառությունը՝ ներառյալ Բեռնի Կոնվենցիայի մոնիտորինգային և այլ մարմինների հետ աշխատելու միջոցով։

Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային վարկանիշը ինքնին վկայում է այդ մասին։ Հայաստանը մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ և կարող են վնասակար անդրադառնալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, որը նաև էական վնաս է կրել վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ագրեսիվ պատերազմների հետևանքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում