59 միգրանտներ ստացան բիզնեսի զարգացմանն աջակցող ծրագրի հավաստագրերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրանտների, վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանն աջակցելու նպատակով իրականացվող EU4IMPACT ծրագիրն ամփոփեց 2021 թ-ի նոյեմբեր և 2022 թ-ի մայիս ամիսներին անցկացված առաջին և երկրորդ փուլերի արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրամաշնորհ ստացած, Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող 59 շահառուներ ստացան մասնակցության հավաստագրեր:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց՝ ծրագիրը բեկումնային է: Նրա համոզմամբ՝ այն լավ օրինակ է ցույց տալու, թե ինչպես կարելի է աջակցել անհատներին ձեռներեց դառնալու գործում:

«Ես տպավորված էի՝ տեսնելով մարզերից դիմողների քանակը: Մեր նպատակն է օգնել մարդկանց կյանքի ղեկը իրենց ձեռքը վերցնելու գործում, քանի որ մենք հիմա ապրում ենք չափազանց բարդ ժամանակաշրջանում: Սա իրապես լավ հնարավորություն է լավ ապագա կառուցելու համար»,- նշեց Անդրեա Վիկտորինը:

Դեսպանը նշեց, որ 2021 թ-ի նոյեմբեր և 2022 թ-ի մայիս ամիսներին անցկացված առաջին և երկրորդ փուլերի արդյունքում ծրագրին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 200 դիմորդ: Ավելի քան 160 դիմորդ մասնակցել է «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին և ավելի քան 100 դիմորդ կազմել է բիզնես ծրագիր և ներկայացրել մրցութային հանձնաժողովի քննությանը, որի արդյունքում ֆինանսավորման համար ընտրվել են լավագույն 59 բիզնես ծրագրերը:

«Յուրաքանչյուրս, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, ցանկանում ենք հայտնվել հայրենիքում, որպեսզի կարողանանք ի կատար ածել մեր ցանկությունները: Ես շնորհակալ եմ ծրագրի կազմակերպիչներին: Անհամբեր սպասում ենք նաև շոշափելի արդյունքներին»,-նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նրա խոսքով՝ շահառուների կողմից առաջարկվող բիզնես գաղափարները բազմազան են և, մասնավորապես, իրականացվելու են ծառայությունների մատուցման, արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում: Հաստատված բիզնես գաղափարները ներառում են բնական հումքով կոսմետիկայի արտադրություն, թղթյա արտադրանք, ասիական քաղցրավենիք, պահածոներ, հացաբուլկեղեն, մսամթերք, անասնակերի հավելում և այլն: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են ջերմոցներ ծաղիկներ, մրգեր կամ բանջարեղեն աճեցնելու համար, բացվելու են հյուրատներ, երեխաների ստեղծագործական կենտրոն, սրճարան, ինչպես նաև շահառուները զբաղվելու են անասնապահությամբ և մեղրի արտադրությամբ:

Ավելի քան 80 մատակարարից ձեռք են բերվել և շահառուներին տրամադրվել ավելի քան 20 ապրանքատեսակ և ծառայություններ:

Ծրագիրը շարունակվելու է մինչև 2024 թ-ի սեպտեմբեր: Անցկացվելու են հայտերի ընդունման ևս 3 փուլ: Երրորդ փուլն արդեն իսկ հայտարարվել է, հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ-ի հունվարի 31-ին: Հայտերի ընդունման ևս երկու փուլ անցկացվելու են 2023 - 2024 թթ:

Ծրագիրը իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից:

Ծրագրին մասնակցելու համար հայտ ներկայացնելու միջոցով շահառուները կարող են ստանալ 2 000-ից մինչև 10 հազար եվրո դրամաշնորհ, որը կհամալրվի շահառուի կողմից հատկացվող հավասար համաֆինանսավորմամբ: Շահառուները հնարավորություն ունեն ստեղծել կամ զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը, ինչպես նաև ձեռք կբերեն հմուտ, մասնագիտացված և արդի բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ: Շահառուների անհատական կարիքները հաշվի առնելով՝ ծրագրի գործընկեր «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպում է բիզնեսի կառավարման դասընթաց, ինչպես նաև ընթացիկ խորհրդատվություն է տրամադրում շահառուներին։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը