«Նոր գիրք»-1/23. Դեպի վեր, Կունդերա, Սվիֆթ, Նամակներ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականի վերջում և 2023 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
«Դեպի վեր»

«Դեպի վեր»-ը պատմվածքների յուրահատուկ ժողովածու է, որտեղ տեղ են գտել հայ ֆանտաստ գրողների՝ «Դեպի վեր» խորագրով անցկացված «Արմկոն» գրական մրցույթին ներկայացված լավագույն ստեղծագործությունները:
Հեռավոր ապագայից մինչև առասպելական անցյալ, պոստապոկալիպտիկ Սևանից մինչև բակեմոնոներով ճապոնական անտառներ՝ այս ստեղծագործությունները կոգեշնչեն ձեզ մտածել այլ աշխարհների, այլընտրանքային անցյալի և հրաշալիքներով ու մարտահրավերներով լի ապագայի մասին: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը։
Թարգմանական գրականություն
Միլան Կունդերա, «Անմահություն»

«Անմահությունը» վեպ է վեպի ծննդի մասին, որտեղ Կունդերա հերոսը, անձնատուր իր պատահական լողավազանային ներշնչանքին, խորհրդածում է մարդկային գոյության և ժամանակի բազմաբարդ փոխհարաբերության շուրջ: Պսակազերծելով անմահ հիշատակի մեր պատրանքը, ցույց տալով, թե ինչպես անմահության գործարաններում կարող է խեղվել մի ամբողջ կենսագրություն՝ վերածվելով պաստառի կամ զավեշտալի մի պատկերի՝ գրողը վճիտ չ-հիշողության պարադոքսալ մի բանաձև է հուշում մեզ: Խաղացկուն այս խճանկարը, որը ժամանակակից հասարակության անվրեպ ախտորոշումն է առաջարկում, հանգում է անսպասելի եզրակացության. Հաղթարշավող ծիծաղի և միմոսության աշխարհում, որ վերածվել է ծամածռության, անհետացող գեղեցիկից մնում է անմոռուկի բարակ ցողունը կամ կապույտ մի բիծ հորիզոնում: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Ջոնաթան Սվիֆթ, «Գուլիվերի ճանապարհորդությունները»

Իռլանդական ծագումով անգլիացի երևելի երգիծաբան Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը ներկայացնում է գլխավոր հերոսի՝ նավի վիրաբույժ Լեմյուել Գուլիվերի մտացածին չորս ճանապարհորդությունները դեպի հեռավոր երկրներ: Պատումը ներկայացված է առաջին դեպքով, ինչը գործողություններին հաղորդում է իրականության խոր զգացողություն: Երգիծավեպը լի է հանրային-քաղաքական կյանքի անարդարությունների և ընդհանրապես մարդկային արատավոր երևույթների ու միջանձնային հարաբերությունների անխնա ծաղրով. այն ստիպում է ընթերցողին մեկ անգամ ևս խորհրդածել կյանքի հանդեպ ունեցած սեփական արժեքների շուրջ: Անգլերենից թարգմանեց Հայկանուշ Շարուրյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Փաստավավերագրական գրականություն
«Սիրային նամակներ»

Լույս է տեսել գրականության և արվեստի մյուս ոլորտների կարևոր ներկայացուցիչների «Սիրային նամակներ» ժողովածուն:
Էպիստոլյար ժանրի այս տեքստերը, որոնք բնորոշ էին հատկապես նախորդ դարերին, գրեթե մոռացվել են մեր օրերում։ Նախկինում նամակները ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց էին, այլև խոստովանական տեքստեր, որոնք արտահայտել են հեղինակների անկեղծ մտքերն ու ցանկությունները։
Կարդալով ժողովածուն՝ կտեսնենք, որ մարդկությունը չի փոխվել վերջին հազարամյակում. նրա առօրյան շարունակում են կազմել ընտանեկան խնդիրները, ապրուստի հոգսը, սերը, երջանկության ակնթարթները, խանդը, բաժանումները, տառապանքները։
Գիրքը փաստում է, որ նամակներում գրավիչը գրական տաղանդը չէ, այլ հասցեատիրոջ հանդեպ տածած զգացմունքներն ու պատասխան նամակի սպասման թրթիռը։
Այս տեքստերի ստվար մասը հայտնի է դարձել հանրությանը հեղինակների մահից հետո։ Նամակները խիստ անձնական են, բացահայտող, երբեմն սկանդալային։
Կազմող և խմբագիր՝ Արմեն Սարգսյան, թարգմանիչներ՝ Կարինե Մեսրոպյան, Էմմա Ալեքսանդրյան, Մարիամ Հարությունյան, Լուսինե Բլբուլյան-Շուքուրյան, Անի Հակոբյան, Մելանի Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը