Միջազգային

Հարավային Կորեայի ղեկավարը կարգադրել է ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել՝ ի պատասխան հյուսիսկորեական ԱԹՍ-ների ներխուժման

3 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի ղեկավարը կարգադրել է ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել՝ ի պատասխան հյուսիսկորեական ԱԹՍ-ների ներխուժման

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն իր օգնականներին հանձնարարել է դիտարկել 2018 թ.-ին կնքված միջկորեական ռազմական լարվածության նվազեցմանն ուղղված համաձայնագիրը կասեցնելու հարցը, եթե Հյուսիսային Կորեան նորից ներխուժի Հարավային Կորեայի տարածք: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը: 2018 թ.-ի սեպտեմբերի 19-ին Հարավային Կորեայի այն ժամանակվա նախագահ Մուն Չժե Ինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև կնքված համաձայնագիրը կոչ է անում դադարեցնել երկու Կորեաների միջև բոլոր տեսակի թշնամական ռազմական գործողությունները:

Ըստ Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի՝ Հյուսիսային Կորեան 17 անգամ խախտել է համաձայնագիրը, այդ թվում՝ 15 անգամ հոկտեմբերից: Yonhap-ը նշում է նաև, որ նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության, պաշտպանության նախարարության, շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի և պաշտպանական ծրագրերի մշակման գործակալության մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են անօդաչու թռչող սարքերի դեմ երկրի ձեռնարկած նախապատրաստական աշխատանքները:

Յուն Սոկ Յոլը պաշտպանության նախարարին հանձնարարել է ստեղծել անօդաչուների միացյալ ստորաբաժանում, որը կիրականացնի բազմաթիվ առաքելություններ, այդ թվում՝ հսկման և հետախուզական գործողություններ: Բացի այդ, հանձնարարվել է մինչև տարեվերջ սկսել փոքր, դժվար հայտնաբերվող անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն և մշակել անտեսանելի ԱԹՍ-ներ:

Դեկտեմբերի 26-ի առավոտյան Հյուսիսային Կորեայի հինգ անօդաչու թռչող սարքեր ներխուժել էին Հարավային Կորեայի տարածք։ Ներխուժմանն ի պատասխան՝ Հարավային Կորեան օդ Էր բարձրացրել կործանիչներ, ուղղաթիռներ և անօդաչուների ոչնչացման այլ միջոցներ։

Հարավային Կորեայի զինվորականներն ուղղաթիռներից շուրջ 100 կրակոց էին արձակել անօդաչուների ուղղությամբ, սակայն չէին կարողացել խոցել դրանք. ԱԹՍ-ների մի մասը վերադարձել էր Հյուսիսային Կորեա, մի մասն էլ՝ անհետացել ռադարներից։

Միջադեպից հետո Սեուլը հայտարարել Է իր սեփական անօդաչու սարքերի ստորաբաժանման ստեղծումն արագացնելու պլանների մասին, ինչպես նաև խոստացել Է ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր սադրանքին պատասխանել մի քանի անգամ ավելի լուրջ քայլերով:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ հյուսիսկորեական անօդաչուներն իրենց գործողությունների արդյունքում չեն կարողացել որևէ նշանակալի տեղեկություն ստանալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում