Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել Է Իրանի վրա հարձակվելու երկրի պատրաստության բարձրացման մասին
1 րոպեի ընթերցում
![Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել Է Իրանի վրա հարձակվելու երկրի պատրաստության բարձրացման մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/12/1100754.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ երկիրը բարելավել է Իրանի վրա հարձակվելու իր պատրաստականությունը՝ բացատրելով, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Bloomberg-ը։
Ռազմաօդային ուժերի օդաչուների ավարտական արարողության ժամանակ նախարարն նշել է, որ մի օր նրանք կարող են մասնակցել նման հարձակման։
«Դուք կարող եք երկու-երեք տարվա ընթացքում հատել օդային սահմանը և մասնակցել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակմանը, որին մենք պատրաստվում ենք՝ միաժամանակ զգալիորեն բարձրացնելով պատրաստվածությունը վերջին տարիներին», - ասել է Գանցը:
«Լիկուդ»-ի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի նոր կառավարությունը կշարունակի աշխատել Իրանի միջուկային ծրագրի վերացման ուղղությամբ ՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու համար: Նրա խոսքով ՝ նոր կառավարությունը կաշխատի նաեւ Երուսաղեմի կարգավիճակի ամրապնդման եւ կրոնական հարցերում ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ: