ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր ձեռքը կվերցնի Գազայի հատվածը, հնարավոր է նաև՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի, իսկ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ աշխատանք կանենք։ Մենք դրա սեփականատերը կլինենք և պատասխանատու կլինենք բոլոր վտանգավոր չպայթած ռումբերը և այլ զենքերը տեղում վնասազերծելու, հատվածը գետնին հավասարեցնելու և ավերված շենքերից ազատվելու համար», - Թրամփի խոսքերն է մեջբերում CNN-ը։
Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք նա պատրաստ է ամերիկյան զորքեր ուղարկել Գազայում անվտանգության վակուումը լրացնելու համար։
«Երբ խոսքը վերաբերում է Գազային, մենք կանենք անհրաժեշտ ամեն բան։ Եթե անհրաժեշտ լինի, մենք դա կանենք։ Մենք վերահսկողություն ենք հաստատելու այդ վայրի նկատմամբ և զարգացնելու ենք այն», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի պատկերացմամբ՝ ԱՄՆ-ն Գազայի հատվածը տնօրինելու է երկարաժամկետ հեռանկարում և կայունություն է բերելու «Մերձավոր Արևելքի այդ հատվածին, հնարավոր է նաև՝ ամբողջ Մերձավոր Արևելքին»։
«Այս որոշումը հեշտ չի տրվել։ Բոլորին, ում հետ ես խոսել եմ, շատ է դուր եկել այն միտքը, որ ԱՄՆ-ն տնօրինի այդ հողակտորը, զարգացնի այն և ստեղծի հազարավոր աշխատատեղեր», - հավելել է Թրամփը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ պաղեստինցիները չպետք է վերադառնան այնտեղ։ Փետրվարի 4-ին ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Գազայի հատվածը «շատ չարաբաստիկ է եղել» պաղեստինցիների համար։
«Նրանք այնտեղ ապրում են, ասես, դժոխքում։ Գազան մարդկանց ապրելու համար հարմար վայր չէ։ Միակ պատճառը, որ նրանք ուզում են վերադառնալ, իմ համոզմամբ, այն է, որ նրանք այլ տարբերակ չունեն», - նշել է ԱՄՆ նախագահը։
Նա ավելի ուշ ասել է, որ Գազայի հատված վերադարձող մարդկանց թվում կարող են լինել նաև պաղեստինցիներ։
«Նաև պաղեստինցիներ։ Պաղեստինցիները կապրեն այնտեղ։ Շատ մարդիկ կապրեն այնտեղ», - ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի վերահսկողության տակ Գազան ունի «Մերձավոր Արևելքի Ռիվիերան» դառնալու ներուժ։
Հունվարին հրապարակված ՄԱԿ-ի վնասի գնահատման համաձայն՝ Իսրայելի ռմբակոծությունից հետո մնացած ավելի քան 50 միլիոն տոննա փլատակների մաքրումը կարող է տևել 21 տարի և կարժենա մինչև 1,2 միլիարդ դոլար: