Հայաստանը նոր տարի է մտնում զբոսաշրջային նոր բրենդով ու նոր ծրագրերով. Սիսիան Պօղոսեան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն 2022 թվականի կարևորագույն ձեռքբերում է համարում Armenia.travel կայքի և «Հայաստանը` որպես թաքնված ուղի» բրենդի ստեղծումը, որը ներկայացնում են բոլոր միջոցառումների և միջազգային էքսպոների ժամանակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՝ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը նշեց, որ այս կարևոր հարթակները հնարավորություն կտան Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել աշխարհում:

Կոմիտեի ղեկավարը ընդգծեց, որ այս տարի Հայաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ (դեկտեմբերի թվերը կունենան 2023թ․ հունվարի սկզբին)։

«Այս տարի առաջին անգամ նոյեմբերին մենք գերազանցել ենք 2019թ․ նույն ամսվա ցուցանիշները։ Կորոնավիրուսից հետո ՀՀ այցերի թիվը վերականգնվում է։ Հույս ունենք, որ տարին կավարտենք 1 մլն 600-700 հազար զբոսաշրջիկների այցերով և կմոտենանք 2018-ի ցուցանիշներին։ Ամենաշատը Ռուսաստանից են Հայաստան եկել` 47% , 10%-ը՝ Վրաստանից, 7%-ը՝ Իրանից, 3%-ը՝ ԱՄՆ-ից, 2%-ը՝ Գերմանիայից։ Այս տարի Հայաստանի համար թիրախային շուկաներից է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչը պայմանավորված է ուղիղ չվերթների առկայությամբ և վիզայի պարզեցված պահանջներով»,-ասաց նա:

Սիսիան Պօղոսեանը նշեց, որ Հայաստանի համար հատկանշական է սեփական բրենդի առկայությունը։ Տուրիզմի կոմիտեն «Հայաստանը՝ թաքնված ուղի» կարգախոսով բրենդը ներկայացրեց 2022 թվականի մայիսին, ինչի արդյունքում ունեցել են բազմաթիվ դրական միջազգային արձագանքներ։ Ըստ նրա՝ այս նախագիծը ներառում է նոր բրենդինգ և վիզուալ էլեմենտներ, որոնց միջոցով ներկայացնում են Հայաստանը՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ ամրապնդելով երկրի դիրքերը միջազգային թիրախային շուկաներում։ Նոր բրենդը ներկայացնում է Հայաստանի գրավչությունները 4 հիմնական ուղղություններով՝ մշակութային, բնահենք, արկածային և գաստրո տուրիզմ։

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի հետևողական ներկայացումը բոլոր գովազդային արշավներում կարևոր քայլ է Հայաստանի բրենդի ճանաչելիության բարձրացման գործում։ «www.armenia.travel վեբ կայքը լինելու է Հայաստանի դեմքը և ամբողջ աշխարհին ներկայացնելու է մեր երկրի զբոսաշրջային առանձնահատկությունները։ Նոր բրենդի և վեբ կայքի ռեսուրսների համատեղումը կնպաստի Հայաստանի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրության բարձրացմանը: Վեբ կայքը շարունակական զարգացում կունենա, կավելանա կոնտենտը, որի միջոցով կներկայացնենք, թե ինչ կարող է անել և ուր կարող է գնալ զբոսաշրջիկը Հայաստանում։ Վեբ կայքը ներկայացված է անգլերենով, մյուս տարի նախատեսում ենք ավելացնել ևս 3 լեզու՝ ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն»,- ասաց Սիսիան Պօղոսեանը։

Պօղոսեանը վստահեցրեց, որ շատ մեծ ծավալի աշխատանք են կատարել, որպեսզի կարողանան ՀՀ–ն (4 ուղղությամբ` բնություն, արկածային, մշակույթ, խոհանոց և գինի) ճիշտ ներկայացնել միջազգային շուկայում։ Այս տարի նաև իրականացրել են ճանաչողական այցեր, Հայաստան են այցելել ԱՄՆ–ից, Վրաստանից, Դուբայից, Բելառուսից և Գերմանիայից։ Բացի այդ, բազմաթիվ հոդվածներ են տպվել ՀՀ–ի մասին։

Ըստ նրա՝ կարևոր քայլ է նաև Զբոսաշրջության ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագիծը, որը գրվել է ՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի կարծիքները. Այն ներկայացվել է կառավարություն։

«Նախագծով առաջարկում ենք ներդնել որակավորման գործընթացներ: Լինելու է պարտադիր որակավորում զբոսավարների և ուղեկցորդների համար, ինչպես նաև կամավոր որակավորում հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ավտոբուսների համար: Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք ընդգրկվել են մեր առաջարկած օրենքի նախագծում»,-ասաց նա:

Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ մշտապես կարևորվում է այն, որ Հայաստան եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկ ստանա գրագետ և ճիշտ տեղեկություն Հայաստանի պատմության և իր այցելած վայրի մասին: Այստեղ շատ կարևոր է զբոսավարների դերը, այդ իսկ պատճառով զբոսավարների որակավորման հարցը ընդգրկել են օրենքի նախագծում։ «Մենք ցանանում ենք, որ բոլոր էքսկուրսավարները լիցենզիա ստանան, և դա պարտադիր կլինի: Դա կերաշխավորի, որ Հայաստանի մասին զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվությունը ճիշտ է և հետևողական։ Նախատեսում ենք, որ օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարի»,-նշեց Պօղոսեանը:

Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին՝ Սիսիան Պօղոսեանն ասաց, որ այս պահին ունեն ենթակառուցվածքների և բրենդի ճանաչելիության հետ կապված խնդիր՝ Հայաստանը շարունակում է մնալ համեմատաբար քիչ հայտնի երկիր Կովկասում:

Ըստ նրա՝ կա նաև սեզոնայնության խնդիրը․ զբոսաշրջիկների մեծ մասը Երևան այցելում են ամռանը: Պետք է ստեղծվեն զբոսաշրջային պրոդուկտներ և հնարավորություններ ՝ ամբողջ տարվա ընթացքում այցելուներ ներգրավելու նպատակով։

Խոսելով հաջորդ տարի իրականցվող ծրագրերի մասին՝ նա նշեց, որ ներկայացնելու են զբոսաշրջային 5-ամյա ռազմավարություն և ճանապարհային քարտեզ։

«Մենք, իհարկե, կմասնակցենք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, կաշխատենք ավելի մեծ և ճանաչված պարբերականների հետ, կկազմակերպենք ճանաչողական այցեր թիրախային երկրների մեդիայի ներկայացուցիչների, բլոգերների, ինֆլուենսերների, լրատվամիջոցների և տուրօպերատորների համար։ Մի քանի նոր նախաձեռնություններ կլինեն, որոնք կներառեն ավիաընկերությունների հետ աշխատանք` թիրախային երկրներում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով, սոցիալական ցանցերում հստակ ռազմավարություն ՝ միջազգային մակարդակում Հայաստանի շարունակական առաջխաղացման նպատակով, Road show-ների կազմակերպում թիրախային երկրներում, ներքին շուկայի համար նախատեսված զբոսաշրջային ցուցահանդեսներ Հայաստանում, մասնավոր հատվածի հետ ավելի սերտ համագործակցություն՝ նոր զբոսաշրջային պրոդուկտների ստեղծմանն աջակցելու միջոցով»,- եզրափակեց Պօղոսեանը։

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն English Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել