Մշակույթ

Երբ մշակույթը հաստատվի համայնքներում, կհաղթահարվի հոռետեսությունը. Արա Խզմալյան

4 րոպեի ընթերցում

Երբ մշակույթը հաստատվի համայնքներում, կհաղթահարվի հոռետեսությունը. Արա Խզմալյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհներ տրամադրելիս շարունակում է առաջնորդվել մշակույթն ապակենտրոնացնելու քաղաքականությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հիշեցրեց՝ 2022-ին պատմության մեջ առաջին անգամ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հոբելյանական թատերաշրջանը մեկնարկեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Սա ուղերձ էր առ այն, որ Երևանն արդեն մշակութային իրադարձությունների միակ և հիմնական կենտրոնը չէ: Մենք պետք է դուրս գանք ու հաղթահարենք Երևանի սահմանները, պետք է իրացնենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու՝ մշակութային կյանքով ապրելու իրավունքը: Այն պահից, երբ մշակույթը հաստատվի համայնքներում, այնտեղ հաղթահարվելու է հոռետեսությունը, նվազելու են քրեական հանցագործությունները, համայնքներում վերանալու են ներփակվածությամբ պայմանավորված բոլոր բացասական դրսևորումները»,-վստահեցրեց Խզմալյանը:

Փոխնախարարի համոզմամբ՝ մշակույթը միայն վայելք ու հաճույք չէ, այն նաև թերապիա է, ապաքինող հատկություն ունի, ինչը գիտականորեն ապացուցված է. պարզապես գեղեցիկ խոսքեր չեն:

«Մշակույթի տարածումը Երևանի սահմաններից դուրս լուրջ պետական խնդիր է հետապնդում: Նույն տրամաբանությամբ մենք աշխատում ենք Վանաձորի կամերային նվագախումբը կապել մայրաքաղաքի դիրիժորական արվեստի հետ: Դրամաշնորհներ տրամադրելիս շեշտում ենք, որ համատեղության սկզբունքն ենք առաջնահերթ համարում»,-նշեց նա և տեղեկացրեց, որ 2023-ին Ջիվան Գասպարյանի հոբելյանին Դուդուկի միջազգային փառատոն են անցկացնելու, որը կազմակերպելու են ոչ միայն Երևանում, այլև՝ մայրաքաղաքից դուրս:

Արա Խզմալյանը կարծում է՝ լուրջ քննարկումներ է պետք ծավալել Գորիսի Վաղարշ Վարղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գործունեության վերաբերյալ, հասկանալ, թե ի՞նչ ստեղծագործական ապագա են տեսնում Գորիսի թատրոնի համար, երբ չկան մասնագիտական ռեսուրսներ, երբ հանդիսատեսը քիչ է, ի՞նչ սկզբունքով են այն կառավարելու, ի՞նչ բարեփոխումներ պետք է իրականացնեն այնտեղ, որ թատրոնը լիարժեք ապրի:

Դրամաշնորհներն արդեն բաշխված են: 2023 թվականի ծրագրերը հաստատվել են 2022-ին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհները տրամադրել է՝ հաշվի առնելով ծրագրի կրթամշակութային բաղադրիչը, հանրային լավատեսությանը նպաստող թեմատիկան, միջհամայնքային համագործակցությունը, Երևան-մարզեր համագործակցությունը կամ մշակույթի ապակենտրոնացումը, սահմանամերձ համայնքների հետ համագործակցությունն ու ներառականությունը:

2022-ին նախարարությունը ներառականության ոլորտում աննախադեպ ծրագրեր է իրականացրել: Համագործակցել է Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ: Կյանքի են կոչել «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնը, «Խոսող կտավներ» նախագիծը:

«Հանրությունը կարող է իրեն համարել քաղաքակիրթ, երբ նրա յուրաքանչյուր անդամ իրեն զգում է համահավասար հնարավորությունների դաշտում, երբ յուրաքանչյուր անհատ զգում է իր կարևորությունն այն միջավայրում, որտեղ ապրում է, երբ յուրաքանչյուր անհատ, անկախ իր ֆիզիկական ու մտավոր առանձնահատկություններից, բնակության վայրից, իրեն զգում է լիարժեք և ունի լիարժեք դրսևորվելու հնարավորություն: Սա ամենակարևոր բանն է ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրի համար»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում