Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23֊ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի:

«Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում