ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի համոզմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը վերջապես կկարողանա հանդիսատեսին հյուրընկալել սեփական շենքում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փոխնախարարը շեշտեց՝ թատրոնը տեխնիկապես զինված կլինի:
«Լուրջ հատկացումներ են արվել Համազգային թատրոնին. մոտ 400 մլն դրամի լուսաձայնային տեխնիկա է ձեռք բերվել: Այն հաստիքները, որոնք ձևավորվել են որոշ կառույցների միավորման արդյունքում, տրամադրել ենք Համազգային թատրոնին: Վիճակը կլիներ փակուղային, եթե լինեին ստեղծագործելու կատարյալ պայմաններ, փայլուն բովանդակություն, սակայն չունենայինք սպասարկող անձնակազմ, թատերական գործարանին անհրաժեշտ հաստիքներ առանց որոնց դժվար է պատկերացնել թատրոնի առօրյան ու կենցաղը: Շուրջ 20 հաստիք կարողացանք տալ թատրոնին: Թատրոնը կբացվի՝ ամբողջությամբ պատրաստ լայն գործունեության: Ես շնորհակալ եմ մասնավոր հատվածին, որ կառուցում է շենքը, և պետությունը հսկայական ներդրումներ է անում` կառույցը զինելու, վերազինելու համար»,-շեշտեց փոխնախարարը:
Արա Խզմալյանը լուրջ ակնկալիքներ ունի նաև թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ղուկաս Մադոյանից: Ըստ փոխնախարարի՝ Մադոյանն առաջադեմ է, գիտակ է աշխարհում տեղի ունեցող փոխակերպումներից, Թատերական ինստիտուտում դասավանդում է «Արվեստի կառավարում», չունի շփման խնդիր, տիրապետում է լեզուների:
«Ցանկանում եմ, որ մեր կառույցները ղեկավարեն առաջադեմ ու երիտասարդ մարդիկ: Վերջին շրջանում մշակութային հաստատություններում կադրային լուրջ փոփոխություններ են արվել, տնօրեններ են փոխվել, ինչի արդյունքում կառույցների սեփական եկամուտներն աճել են: Ըստ իս՝ մեր ամենալուրջ ձեռքբերումներից մեկը հենց կադրային քաղաքականությունն է»,-ասաց նա:
Արա Խզմալյանի խոսքով՝ լիազոր մարմնի և ՊՈԱԿ-ների փոխհարաբերությունների փիլիսոփայությունը հետևյալն է. պետության խնդիրն է աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծել և՛ օրենսդրական, և՛ ենթակառուցվածքների իմաստով, իսկ պրոֆեսիոնալ մենեջերը, կառավարիչը պետք է լրջորեն մտածեն մյուս խնդիրները կարգավորելու մասին:
«Մենք նպաստատու կառույց չենք, ու տնօրեններ ընտրում ենք այն մարդկանց, որոնք կարող են թեթևացնել պետական հոգսը»,-եզրափակեց փոխնախարարը:
Անժելա Համբարձումյան