Հասարակական

Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին

ԳՈՐԻՍ, 21 ԴԵԿՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միջանցքը, երեխաների կրթություն ստանալու իրավունքն է խախտել. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս հարցով դիմել է թե՛ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուշադրություն հրավիրի երեխաների հիմնարար իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով, որ միջազգային կառույցների հասցեական արձագանքը և քայլերը շատ կարևոր են և կնպաստեն իրավիճակի արագ հանգուցալուծմանը:

Նա ասաց, որ առաջին իսկ օրվանից իրենք մշտական կապի մեջ են Արցախի հետ և համապատասխան աշխատանքային կապերի շրջանակներում ստանում են տեղեկատվություն ու փորձում են հասկանալ՝ ինչո՞վ կարող են աջակցել:

«Իհարկե, բոլորի առաջնային խնդիրը օր առաջ վերադառնալն է իրենց հարազատների և ընտանիքների մոտ: Բայց պետք է ասեմ, որ Գորիսում բոլոր կառույցները, մարզպետարանը հենց առաջին ժամերին ապահովել են անհրաժեշտ կեցության և սննդի ծախսերը: Զրուցեցի երեխաների և նրանց ուղեկցողների հետ, կարծես թե այդ մասով բոլոր խնդիրները կարգավորված են, և այս պահին էլ կարիքների գնահատում արվում է, հասկանանք ինչի՞ կարիքը կա, որպեսզի այդ ամենը շատ արագ կարգավորվի»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարը շեշտեց, որ առաջին իսկ պահից բոլոր դպրոցներին ասվել է, որ երեխաները ցանկացած օր կարող են գնալ և իրենց համապատասխանող դասարանում մասնակցել դասապրոցեսին, որպեսզի և՛ բաց չթողնեն դասերը, և՛ նոր ընկերներ ձեռք բերեն ու դրական միջավայրում հոգեբանական աջակցություն ստանան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում