Քաղաքականություն

Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ. Մարիա Զախարովա

2 րոպեի ընթերցում

Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելն անընդունելի է, իսկ ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները՝ հակաարդյունավետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը:

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ: Այն պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով: ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի լարումը նվազեցնելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրասնպորտային հաղորդակցությունը կվերականգնվի», - ասել է դիվանագետը:

Զախարովան շեշտել է, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը և գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնեցին համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն: Անընդունելի է խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելը», - ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անդրադարձել է ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներին:

«Ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները և սադրիչ գործողությունները, անկախ նրանից, թե ում կողմից են արվում, անթույլատրելի են և հակաարդյունավետ: Ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր», - եզրափակել է Զախարովան:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում