Հասարակական

Հայաստանում աջակցության կարիք ունեցող մեծահասակները կունենան իրենց «թոռնիկները»

5 րոպեի ընթերցում

Հայաստանում աջակցության կարիք ունեցող մեծահասակները կունենան իրենց «թոռնիկները»

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ Հայաստանում աջակցության կարիք ունեցող մեծահասակները կունենան իրենց «թոռնիկներին»: Ֆրանսիայում բնակվող Շուշան Եկմալյանը, Մարիամ Եգանյանը և Արմինե Թովմասյանն Հայաստանում համատեղ հիմնադրել են «Թոռնիկ» միջսերնդային փոխօգնության ասոցիացիան, որի նպատակն է աջակցել սոցիալական միայնության մեջ գտնվող մեծահասակներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի համահիմնադիր Շուշան Եկմալյանը պատմեց, որ «Թոռնիկ»-ը միջսերնդային փոխօգնության ասոցիացիա է Հայաստանում, որի նպատակն է աջակցել սոցիալական միայնության մեջ գտնվող մեծահասակներին։ Նախագծի գաղափարը ծնվել է 2022 թվականի գարնանը, Երևանից վերադառնալուց հետո։ Մտահաղացումը եղել է Շուշանինը, այնուհետև Մարիամի և Արմինեի հետ համատեղ հիմնադրել են նախագիծը։ Նրանք բնակվում են Ֆրանսիայում, սակայն Հայաստան այցելությունների ընթացքում հաճախ են նկատել մեծահասակների, ովքեր գտնվում են միայնության մեջ։ Այս փաստը դարձել է շարժառիթ նախագծի ստեղծման համար։

«Վստահաբար կարող ենք նշել, որ Covid-19 համավարակը և 44 օրյա պատերազմն իրենց ազդեցությունն են ունեցել, իսկ սեպտեմբերին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումը ահազանգ եղավ, որպեսզի արագ անցնենք հստակ գործողությունների։ Գործնական քայլերի անցանք երկու ամիս առաջ՝ մեր մտահղացման ձևաչափի ընտրության քննարկումներով և իրավաբանական գրանցման գործընթացը սկսելով։ Այսօր ունենք գրանցում և հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Ստեղծել ենք «Թոռնիկ»-ի մեդիա գործիքները՝ կայք, սոցցանցերի էջեր։ Գործում ենք մեր միջոցներով, թեպետ արդեն ստացել ենք փոքրիկ հանգանակություններ ծանոթ և անծանոթ անձերից»,- ասաց Շուշանը։

Նրա խոսքով՝ նախագիծը մեկնարկելու է Երևանում, և նախնական գործունեությունը ծավալվելու են այնտեղ, իսկ այնուհետև շատ մեծ հույս ունեն ընդլայնել այն՝ ներառելով Հայաստանի բոլոր բնակավայրերը, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերը, որտեղ ամենաշատն ունեն իրենց կարիքը։

Համահիմնադիրն ընդգծեց, որ շահառուները, բնականաբար, միայնության մեջ հայտնված ավագ սերնդի անձինք են` տատիկներն ու պապիկները։ Նախագիծը բարեգործական է, որն իրավամբ նպատակ ունի ոչ միայն լրացնել միայնության պակասն այն մեծահասակների մոտ, ովքեր ունեն դրա կարիքը, այլ նաև ստեղծել միջսերնդային կապ։

«Այդ նպատակով մեր շուրջն ենք համախմբել 14-20 տարեկան կամավոր երիտասարդների, ովքեր կդառնան «թոռնիկ» այն պապիկ-տատիկների համար, ովքեր ունեն թոռնիկների կարիք։ Անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթ մեր ինտերնետային կայքում, որը նախատեսված է տատիկ-պապիկների և երիտասարդ «թոռնիկների» համար: Մենք օգնում ենք, որպեսզի վերականգնվի սոցիալական կապը տատիկ-պապիկ և թոռնիկ հարաբերություններում։ Խոսքը բարոյական, հոգեկան աջակցության մասին է, ոչ` նյութական։ Մեր նախագիծը «թոռնիկների» այցերի ընթացքում շփումների, զրույցների, հիշողությունների միջոցով միայնության ծանր զգացողությունը կոտրելու մասին է»,-ասաց նա։

Անդրադառնալով տրամադրվող օգնությանը՝ նա նշեց, որ «թոռնիկները» կուղեկցեն մեծահասակներին նրանց զբոսանքների ժամանակ, մշակութային այցելություններ կկազմակերպեն նրանց համար, նոր տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ կսովորեցնեն, առօրյա գործերում փոքրիկ աշխատանքներ կկատարեն, ծայրահեղ իրավիճակում նաև պարենային օգնություն կտրամադրեն։

«Արդեն ունենք մի քանի մեծահասակներ, որոնք դիմել են մեզ։ Այս պահին գրանցում ենք ապագա «թոռնիկների», որ հնարավորինս արագ անցնենք հստակ գործողությունների»,-ասաց նա։

Անդրադառնալով ապագա պլաններին՝ Շուշան Եկմալյանը նշեց, որ շատ են ցանկանում ընդլայնել նախագիծն այնքան, որ կարողանան գրասենյակներ ունենալ Հայաստանի ամբողջ տարածքում, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ այս հնարավորությունից օգտվելու հասանելիություն ունենան։

Գայանե Գաբոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում