Պաշտոնական

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ այս նշանակումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

«Լիահույս եմ, որ Ձեր արդյունավետ գործունեության շնորհիվ մեծ ներդրում կունենաք երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,-նշել է նախագահը:

Դեսպան Սառա Մերի Ուոլշը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում հնարավորինս կփորձի նպաստել տնտեսական փոխշահավետ փոխգործակցության զարգացմանն ու քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը:

Նորանշանակ դեսպանն իր խոսքում շեշտել է, որ Նոր Զելանդիայում կա հայկական համայնք, որը թեկուզ և փոքր, բայց իր դերակատարությունն ունի երկրի կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-նորզելանդական համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները: Վահագն Խաչատուրյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է, որ անկախ աշխարհագրական հեռավորությունից, Հայաստանը և Նոր Զելանդիան կարող են համագործակցել բարձր տեխնոլոգիաների, գիտության, տեղեկատվական անվտանգության, տեխնոլոգիապես զարգացած գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Դեսպան Ուոլշն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհում ապատեղեկատվության դեմ պայքարի ու տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ իրականությունը ներկայացնելու կարևորությանը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական շփումների ներկայիս մակարդակին և վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և կայուն ու հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում