Սպորտ

Մունդիալ-2022. Իրանի հավաքականը ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց Ուելսից

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2022. Իրանի հավաքականը ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց Ուելսից

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում (B խումբ) միմյանց դեմ մրցեցին Ուելսի և Իրանի ընտրանիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ար-Ռայան քաղաքի «Ահմադ Բին» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Իրանի ընտրանու ֆուտբոլիստներին նույնիսկ հաջողվեց գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, սակայն մրցավար VAR համակարգի միջոցով գնդակը չեղարկեց` գրանցելով խաղից դուրս վիճակ:

Խաղակեսի միջնամասում լավ հնարավորություն ուներ նաև Ուելսի ընտրանին, սակայն ուելսցիներն արդյունավետ չիրացրեցին հարմար դիրքում վաստակած ստանդարտ դիրքը: Գնդակին տիրելու առավելությունն Ուելսի հավաքականինն էր, սակայն առավել սուր էին ստացվում Իրանի հավաքականի հակագրոհները: Թիմերը հանդերձարան գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում Իրանի ընտրանու ֆուտբոլիստները սկսեցին առավել վստահ գործել. խնդիրը միայն գրոհների եզրափակման մեջ էր՝ բացակայում էր վերջին, դիպուկ հարվածը: Ուելսի հավաքականի գրոհները չէին էլ հասնում անգամմրցակցի փոքր տուգանային հրապարակին: Երբեմն Իրանի ընտրանին մեծ ուժերով պաշտպանվում էր: Հանդիպման վերջնամասում վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ Ուելսի հավաքականի դարպասապահ Հենեսին: Իրանի հավաքականը քանակական առավելությունը գոլի վերածեց խաղի ավելացված ժամանակի վերջին րոպեին: Հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ Չեշմին: Քիչ անց Իրանի հավաքականը խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռեզային:

Ուելս-Իրան` 0:2:

Խմբային փուլի վերջին տուրում` նոյեմբերի 29-ին, Ուելսի ընտրանին կմրցի Անգլիայի, իսկ Իրանի հավաքականը` ԱՄՆ ընտրանու դեմ: Այս խաղից հետո Իրանի թիմ երկրորդ տեղում է և ունի երեք միավոր, Ուելսը վերջինն է` մեկ միավորով: Ավելի ուշ կկայանա Անգլիա-ԱՄՆ հանդիպումը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում