Նիդերլանդների ԱԳ նախարարը նամակ է հղել երկրի պառլամենտին Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան նամակ է հղել Նիդերլանդների պառլամենտին՝ Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նամակում ԱԳ նախարարը հիշեցնում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն հոկտեմբերի 2-ի իր թվիթերյան գրառման մեջ նողկանք էր հայտնել տեսանյութի առնչությամբ, որում ենթադրաբար ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Նա իր թվիթում կոչ էր արել անկախ հետաքննություն անցկացնել և տեսանյութի իսկության հաստատման դեպքում, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։

«Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անկախ հետաքննություն անցկացնել տեսանյութում ներկայացված պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման վերաբերյալ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նույն օրը հայտարարել է, որ հետաքննելու է այս տեսանյութում հայտնված իրադարձությունները։ Ուստի Նիդերլանդները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում քննարկել է տեսանյութի իրադարձությունները՝ նողկանք արտահայտելով տեսանյութում պատկերվածի նկատմամբ և Ադրբեջանին կոչ է արել անաչառ ու անկախ հետաքննություն սկսել»,- նշվում է նամակում։

Զրույցում շեշտվել է նաև, որ Նիդերլանդները միջազգային գործընկերների հետ միասին ուշադիր հետևելու են հետաքննությանը։

«Սույն հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն, իսկ ենթադրյալ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավասու մարմինների կողմից։ Ադրբեջանի դեսպանը զրույցում հաստատել է, որ ադրբեջանական իշխանությունները հետաքննություն են սկսել տեսանյութում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ, և նշել, որ այն կիրականացվի անկախ։ Բաքվում Նիդերլանդների դեսպանն այս ուղերձը ևս բազմիցս փոխանցել է ադրբեջանցի բարձրաստիճան զրուցակիցներին։ Ավելին, Նիդերլանդները այս տեսանյութի և անկախ հետաքննության կարևորությունը բազմիցս շեշտել է եվրոպական համատեքստում, ներառյալ Եվրամիությանաշխատանքային խմբերում (COEST), Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում (EEAS) ինչպես նաև Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի թիմի հետ քննարկումներում:

Նիդերլանդները կշարունակի պնդել անկախ հետաքննության և վերջինիս արդյունքների հրապարակայնացման հարցում և ուշադրությամբ հետևել զարգացումներին: ԵՄ բոլոր երկրները աջակցում են ԵՄ միջնորդության գործընթացին: Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչը և ԵՄ խոսնակը խոսել են տեսանյութի մասին և կոչ են արել Ադրբեջանին անկախ հետաքննություն անցկացնել: Նիդերլանդներին հայտնի չէ, արդյոք այլ երկիր նույնպես հրավիրել է Ադրբեջանի դեսպանին՝ անդրադառնալու այս հարցին»,- ասված է նամակում։

Նիդերլադների ԱԳ նախարարի նամակում նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեսանյութի իսկությունը, իսկ Bellingcat-ը հոկտեմբերի 20-ին հրապարակել է տեսանյութի իսկության վերաբերյալ իր հետաքննությունը։

«Ըստ այդ վերլուծության՝ առկա է իսկության բավարար հավաստիություն։ Human Rights Watch-ը վերլուծել է տեսանյութը և կոչ արել Ադրբեջանի իշխանությունների կողմից անկախ հետաքննություն և պատասխանատվություն»,- եզրափակում է Նիդերլանդների ԱԳ նախարարը։

Հայերեն English Français Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել