Հասարակական

Եղեգիս-1 քարայրում հայ-գերմանական արշավախումբը մոտ 6000 տարեկան կենդանիների ոսկորներ է հայտնաբերել

3 րոպեի ընթերցում

Եղեգիս-1 քարայրում հայ-գերմանական արշավախումբը մոտ 6000 տարեկան կենդանիների ոսկորներ է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր -կացարանի տարածքներում հայ-գերմանական համատեղ արշավախումբը հետաքրքիր և արժեքավոր բացահայտումներ է կատարել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում արշավախմբի ղեկավար Կարեն Ազատյանն ասաց, որ այս տարվա պեղումների արդյունքում քարայրից գտնվել է մոտ 7000 կենդանու ոսկոր, որոնց մի մասն արդեն իսկ նույնականացվել է:

«Դրանք6000 տարեկան կատվազգիների, արջի, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ են: Փաստն այն է, որ Եղեգիս-1 քարայրն օգտագործվել է որպես ժամանակավոր կացարան»,-ասաց նա:

Ազատյանը պատմեց, որ դեռ 2019 թվականին կենսաբան, դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի հետ Վայոց ձորում փորձել են գտնել հնագույն մարդու բնակեցման հետքեր:

«Միասին կատարեցինք կարճ հետախուզական աշխատանք `գտնելու համար քարայր-կացարաններ, քանի որ փորձը ցույց է տվել, որ հնագույն մարդիկ առաջինը քարայր-կացարաններում են ժամանակավոր բնակություն հաստատել: Շատին-Եղեգիս գյուղի միջակայքում գտնվեց մի ժայռածածկ փոքր քարայր, որտեղ գետնի մակերեսից հայտնաբերվեցին օբսիդիանից քարե գործիքներ, որոնց տիպաբանական վերլուծության արդյունքում ենթադրեցինք, որ դա կարող է լինել քարե դարի փուլին պատկանող հնավայր»,-ասաց հնագետը` հավելելով, որ խումբը տեղում մեկ մետր խորությամբ փոսորակ է բացել և հայտնաբերել բավական հարուստ ոսկրաբանական նյութ`քարե գործիքներ, մոխրաշերտեր:

«2021 թվականին նյութն ուղարկեցինք Գերմանիա` ռադիոածխածնային վերլուծության, և այս տարի պատասխանը եկավ, որ գտածոները թվագրվում են Ք.ա. 4000 տարվա: Էնեոլիթյան ժամանակաշրջանի հետ կապված մեր ենթադրությունները ճիշտ դուրս եկան»,-պատմեց Ազատյանը:

Նա նշեց, որ Վայոց ձորում մինչ այդ նման ժամանակաշրջանի հնավայր միայն Արենի 1 քարայրն էր:

«Մենք այս տարի ևս հետախուզական աշխատանքներ կատարեցինք և Շատին գյուղում հայտնաբերեցինք երկրորդ քարայր-կացարանը: Ճիշտ է՝ դեռ թվագրություն չկա, բայց տիպաբանական վերլուծության արդյունքում գրեթե 50 տոկոսով դա ևս նույն ժամանակահատվածին է վերաբերվում»,-ասաց հնագետը` հավելելով, որ Էնեոլիթյան մարդու միգրացիոն ուղիներից մեկը, բացի Արենիից, Շատինից, եղել է նաև Եղեգիսի կիրճը:

«Եղեգիսում պեղումներն արդեն իսկ ավարտվել են, բայց դրանք անպայման շարունակություն կունենան հաջորդ տարիների ընթացքում»,-հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում