Հասարակական

Հայ-իսրայելական արշավախումբը Դալարիկի քարայրում հայտնաբերել է նախամարդու`տարածաշրջանային նշանակություն ունեցող հուշարձան

3 րոպեի ընթերցում

Հայ-իսրայելական արշավախումբը Դալարիկի քարայրում հայտնաբերել է նախամարդու`տարածաշրջանային նշանակություն ունեցող հուշարձան

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իսրայելական համատեղ արշավախումբը Արմավիրի մարզի Դալարիկի քարայր կոչվող պեղավայրում հայտնաբերել է նախամարդու` տարածաշրջանային նշանակություն ունեցող հուշարձան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանն ասաց, որ այդ պեղավայրում հայտնաբերվել է ուշ homo erectus` աշելյան մարդու ժամանակաշրջանի շերտագրված հուշարձան: «Նման հուշարձանները տարածաշրջանում եզակի են և մատների վրա կարելի է հաշվել»,-ասաց նա` հավելելով, որ պեղումները թույլ են տվել վեր հանել շատ լավ շերտագրված, շատ լավ պահպանված իրերով, աշխատանքային գեղեցիկ գործիքներով, վանակատից պատրաստված արտակարգ արտադրահամալիր:

«Այս գտածոները բավական հետաքրքիր պատկեր կտան վաղ մարդու` այստեղ հայտնվելու մասին: Դրանք հետաքրքիր են Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի բնակեցման սկզբնափուլերը հասկանալու համար»,-նշեց նա:

Բորիս Գասպարյանն ասաց, որ Արարատի մարզի սահմաններում էլ արշավախումբը քարայր է պեղել, որն արդեն նեանդերթալյան մարդուն բնորոշ համալիր է:

«Մենք այս տարի հինգ- վեց համատեղ արշավախմբով կարողացել ենք քարի դարի մարդու ամենաարշալույսից մինչև անատոմիապես ժամանակակից մարդուն բնորոշ շերտերի պեղումներ իրականացնել: Դեռ նյութերը հստակեցման անալիզների փուլում են: Երբ պատասխաններն ունենանք, կարող ենք շատ լավ պատկեր ստանալ Հայկական լեռնաշխարհի և նրա հյուսիս-արևելյան մասը կազմող homo erectus, նեանդերթալացու, ժամանակակից մարդու ապրելակերպի, ռեսուրսների օգտագործման մասին»,-ասաց նա:

Բորիս Գասպարյանն այս տարվա հաջողություններից առանձնացրեց նաև Աղիտու քարայրի մասին «Մարդու էվոլուցիա» (TheJournal of Human Evolution) բարձր վարկանիշ ամսագրում տեղ գտած հրատարակությունը, որտեղ համատեղ արշավախմբերով ուսումնասիրվել են նստվածքային ԴՆԹ-ն և կարողացել են պարզել հին մարդու կողմից բույսերի օգտագործման տարբեր ասպեկտները:

«Դա նոր խոսք է հնագիտության մեջ: Երբ մենք այդ բուսատեսակները համեմատում ենք Արենի մեկ քարայրի պղնձե, քարեդարյան, միջնադարյան մարդու օգտագործած բուսատեսակների հետ, մենք տեսնում ենք, որ մեր լեռնաշխարհում բույսերի օգտագործման հիմքը դրվել է քարե դարից»,-ասաց հնագետը:

Բորիս Գասպարյանի խոսքով` իր ղեկավարած բոլոր արշավախմբերն արդեն իսկ այս տարվա համար ավարտել են պեղումները` եղանակային պայմաններով պայմանավորված: Դրանցից շատերում հաջորդ տարի կշարունակվեն պեղումները, իսկ մի քանիսում կուսումնասիրվեն հայտնաբերված նյութերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում