Պաշտոնական

ՀՀ նախագահը կարևորել է  Հայաստանում և Ավստրիայում միմյանց մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը կարևորել է  Հայաստանում և Ավստրիայում միմյանց մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով ավստրիացի պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ավստրիայի և Հայաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության գնահատելի ավանդույթ, որը լավագույն նախապայմանն է բազմոլորտ գործընկերության զարգացման համար։

«Հանրապետության նախագահը կարևորել է Ավստրիայի ջանքերը և պատրաստակամությունն՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նախագահի խոսքով՝ քաղաքական երկխոսությունը երկկողմ օրակարգի կարևոր մասն է և Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ տարբեր մակարդակի շփումները և այս համատեքստում երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է հակամարտությունների հնարավորինս արագ կարգավորման կարևորությունը և երկարատև ու կայուն խաղաղության հաստատումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում