Հասարակական

Հարմարավետություն, հուսալիություն և մատչելիություն՝ մեկ տեղում. Fly Arna-ն շարունակում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը

8 րոպեի ընթերցում

Հարմարավետություն, հուսալիություն և մատչելիություն՝ մեկ տեղում. Fly Arna-ն շարունակում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդամենը 30 րոպե, և հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ի ինքնաթիռը ձեզ կհասցնի Թբիլիսի. ավիաընկերության նոր ուղղությունը՝ հատուկ ընտրված օրերի և ժամերի թռիչքներով, լավ հնարավորություն է՝ հանգստյան օրերն անցկացնելու հարևան երկրում, բացի այդ հարմարավետ առաջարկ՝ Մոսկվայից Երևան ժամանող այն ուղևորների համար, որոնք պետք է մեկնեն Վրաստան:

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ի՝ նոր ուղղությամբ առաջին չվերթով Թբիլիսի մեկնեցին նաև լրագրողները՝ մեդիա ուղևորության: Ազգային ավիափոխադրողի՝ հայկական եռագույնի գույներով ներկված ինքնաթիռում թռիչքի ողջ ընթացքում պահպանված էր հայկական մթնոլորտը՝ հայերեն ողջունող օդաչուից մինչև հայ բորտուղեկցորդուհիներ, հայկական արտադրության ուտեստներ, խմիչքներ առաջարկող մենյու:

Երևան-Թբիլիսի-Երևան չվերթի ընթացքում լրագրողները սեփական փորձով համոզվեցին՝ բյուջետային ավիաընկերության ինքնաթիռի նստատեղերը սովորական էկոնոմ դասի նստատեղերի համեմատ շատ հարմարավետ էին․ինքնաթիռում կա 174 նստատեղ, որոնց միջև հեռավորությունը 81սմ է, սա թույլ է տալիս ոտքերը հարմար տեղավորել թռիչքի ժամանակ։ Բացի այդ՝ լոուքոսթ ավիաընկերությունը թե կարճ, թե երկար ուղևորությունների ժամանակ չձանձրանալու համար ինքնաթիռում առաջարկում է հավելյալ ծառայություն՝ ընդ որում անվճար: SkyTime անվճար սթրիմինգային ծառայության շնորհիվ ուղեւորները թռիչքի ժամանակ կարող են դիտել ֆիլմեր եւ հեռուստածրագրեր , լսել երաժշտություն եւ աուդիոգրքեր (այդ թվում՝ հայերեն): Ավիաընկերությունից փոխանցեցին, որ շուտով այս ծառայությունում հասանելի կլինեն Հայաստանի մասին պատմող հետաքրքիր նյութեր և տեսանյութեր, որոնք կօգնեն Հայաստան ժամանող հյուրերին արդեն ինքնաթիռից ծանոթանալ Հայաստանին։

Դեպի Թբիլիսի առաջին թռիչքի մեկնարկն ազդարարող կարմիր ժապավենը կտրելուց հետո լրագրողների հետ զրուցեց Հայկական ազգային ավիաուղի «Ֆլայ Արնա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթնի Փրայսը:

«Հավատացած ենք, որ մեր ավիաընկերությունն իր ուղևորներին առաջարկում է այս ուղղությամբ ճամփորդելու լավագույն օրերը և ժամերը. թռիչքներն իրականացվում են ամեն երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, ինչը հնարավորություն կտա մարդկանց անցկացնելու իրենց հանգստյան օրերը Թբիլիսիում՝ ուրբաթ օրը մեկնելով Երեւանից եւ վերադառնալով կիրակի երեկոյան»,-ասաց Էնթնի Փրայսը:

Փրայսն այս նոր ուղղությունը նաև հիանալի հնարավորություն է համարում Մոսկվայից Երևան ժամանող ուղևորների համար, քանի որ «Ֆլայ Արնա»-ի՝ Մոսկվա-Երևան եւ Երևան-Թբիլիսի ուղղություններով իրականացվող թռիչքների չվացուցակը հնարավորություն է տալիս Մոսկվայից ժամանող ուղևորներին Երեւանից անմիջապես մեկնել Թբիլիսի։

Չնայած նրան, որ դեպի Թբիլիսի թռիչքը բավականին կարճ է՝ մոտ 30 րոպե տևողությամբ, սակայն ավիաընկերությունը կարևորել է նաև այս ուղղությունը՝ ապահովելու մարդկանց հարմարավետությունը: Բացի այդ, ընկերությունում հավատացած են, որ ուղղությունների ավելացմանը զուգահեռ կկարողանան Թբիլիսիի հետ կապող ավելի շատ թռիչքներ առաջարկել ուղեւորներին։

Ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն հետևում է Էյր Արաբիա խմբի low-cost բիզնես մոդելին, որն ամենևին չի ենթադրում ցածր որակ: Ընկերությունից վստահեցնում են՝ Low-cost բիզնես մոդելով աշխատող ավիաընկերությունները կարողանում են գործառնական ծախսերի կրճատման շնորհիվ առաջարկել հասանելի ավիատոմսեր, ինչը չի ենթադրում պակաս հարմարավետ կամ պակաս հուսալի թռիչքային փորձառություն։

«Ֆլայ Արնա»-ն իր ուղեւորներին տալիս է իրենց հարմարավետությունն ընտրելու հնարավորություն՝ առաջարկելով տարբեր դասի ավիատոմսեր՝ տարբեր առաջնահերթություններ ունեցող մարդկանց համար: Ստանդարտ ավիատոմսերն այն ուղեւորների համար են, որոնք հավելյալ ծառայությունների կարիք չունեն, ճկուն և պրեմիում ավիատոմսերը՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հավելյալ հարմարավետություն ստանալ թռիչքի ժամանակ, օրինակ՝ նախապես պատվիրված սնունդ, հավելյալ ուղեբեռ, ավիատոմսի անվճար փոփոխություն կամ չեղարկում։ Սակայն, նույնիսկ ստանդարտ ավիատոմսի դեպքում ուղևորների ավիատոմսի արժեքի մեջ ներառված է 10 կգ ձեռքի ուղեբեռ։

Ավիաընկերության առաջարկվող հավելյալ ծառայություններից է նաև AirRewards հավատարմության ծրագիրը: Այն տարածաշրջանում ամենաառատաձեռն հավատարմության ծրագիրն է, թույլ է տալիս կուտակել միավորներ յուրաքանչյուր թռիչքից եւ օգտագործել դրանք ավիատոմս, թռիչքի ժամանակ սնունդ կամ ուղեբեռ գնելիս։ Այն հավատարիմ ուղևորներին 10% cashback-ի հնարավորություն է տալիս։

Իսկ ինչ վերաբերում է ազգային ավիափոխադրողի թռիչքների աշխարհագրությանը, ապա այս պահին «Ֆլայ Արնա»-ն թռիչքներ է իրականացում դեպի Մոսկվա, Սոչի, Շարմ Էլ Շեյխ և Թբիլիսի: Ընկերությունից վստահեցնում են՝ չեն սահմանափակվում այս ուղղություններով և շարունակաբար աշխատում են թռիչքների աշխարհագրության ընդլայնման շուրջ։ «Ֆլայ Արնա»-ն առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարի այլ նոր ուղղությունների մասին ևս, որոնց շարքում է Բեյրութը:

«Այս պահին սպասում ենք չվացուցակին, որի հաստատումից հետո կհայտարարենք թռիչքների հաճախականության եւ ժամերի մասին։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մինչ այս տարվա ավարտը մի քանի նոր ուղղությունների մասին եւս կհայտարարենք։ «Ֆլայ Արնա»-ի համար իսկապես կարեւոր շրջան է այժմ, քանի որ լայնածավալ աշխատանքներ են տարվում թռիչքների աշխարհագրության ընդլայնման շուրջ»,-ասում է ավիաընկերության գործադիր տնօրենը:

«Ֆլայ Արնա»-ն աշխատում է տեղի շուրջ 500 տուրիստական գործակալությունների հետ, ինչպես նաեւ սերտ համագործակցում է և Հայաստանի, և Վրաստանի Զբոսաշրջության կոմիտեների հետ՝ երկու կողմերով ճանապարհորդելու վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հետաքրքիր տուրիստական փաթեթների ստեղծման շուրջ։

«Հայաստանում վերջերս բացել ենք Cozmo Travel անվամբ նոր տուրիստական գործակալություն, որը մասամբ պատկանում է «Ֆլայ Արնա»-ին։ Այն այս պահին զարգացման փուլում է եւ մոտ ապագայում արդեն կառաջարկի տուրիստական փաթեթներ այն բոլոր ուղղություններով, որտեղ թռիչքներ է իրականացնում «Ֆլայ Արնա»-ն»,-ասում է Փրայսը:

Այս պահին «Ֆլայ Արնա»-ն ունի երկու Airbus A320 տեսակի օդանավ և աշխատանքներ է իրականացնում երրորդ ինքնաթիռի ձեռքբերման շուրջ, որը կսպասարկի ավիաընկերության նոր ուղղությունները։

«Ֆլայ Արնա»-ի՝ դեպի Թբիլիսի առաջին թռիչքով մեկնած լրագրողները 3 օր անցկացրին հարևան երկրում, եղան Վրաստանի պատմամշակութային վայրերում, հնագույն եկեղեցիներում, վրացի հմուտ խոհարարի օգնությամբ անգամ անձամբ վրացական խինկալի պատրաստելու հնարավորություն ունեցան և մասնակցեցին վրացական գինու համտեսի: Դե իսկ լրագրողների խմբին կրկին Երևան հասցրեց «Ֆլայ Արնա»-ի՝ հայկական եռագույնի գույներով ներկված ինքնաթիռը՝ Հայաստան բերելով նաև շատ օտարերկրացիների:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում