Ինովացիա

Հայաստանի առաջընթացի երաշխիքը գիտական և տեխնոլոգիական ոլորտի բուռն զարգացումն է. Հայկ Չոբանյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի առաջընթացի երաշխիքը գիտական և տեխնոլոգիական ոլորտի բուռն զարգացումն է. Հայկ Չոբանյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջընթացի երաշխիքը գիտական և տեխնոլոգիական ոլորտի բուռն զարգացումն է: Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:

Չոբանյանը նշեց, որ գագաթնաժողովը Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի: Նրա համոզմամբ՝ Հայաստանը չպետք է առանձնացնել սփյուռքից և Արցախից: Գագաթնաժողովը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի, հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, հատկապես աշխարհաքաղաքական լարված իրավիճակում:

«Շահում են այն երկրները, որոնց գիտությունն ու տեխնոլոգիաները հենված են համաշխարհային գիտելիքի վրա և զուգորդվում են տարբեր երկրների գիտական և տեխնոլոգիական ինստիտուտների համակարգերի հետ: Այս առումով Հայաստանում գիտելիքահեն ցանկացած ոլորտում որևէ տարբերություն չպետք է լինի»,- նշեց նա:

Չոբանյանի համոզմամբ՝ Հայաստանը չի իրացրել սփյուռքի ներուժը: Ըստ իրենց հաշվարկների՝ ՀՀ կառավարությունը տիրապետում է սփյուռքի ներուժի ոչ ավելի, քանի 5 տոկոսին:

«Սփյուռքի ներուժի մեծ մասը մենք չենք օգտագործում: Օգտագործել բառը կոպիտ է հնչում, բայց եթե խոսքը վերաբերվում է ազգային շահերի հետապնդմանը և առաջմղմանը, նույնիսկ այդ կոպիտ բառը կարող ենք օգտագործել: Բոլորիս ներուժը պետք է օգտագործվի հանուն Հայաստանի և երկրի ապագայի: Կարևորում եմ համահայկական ջանքերի համատեղումը»,- ասաց Չոբանյանը:

ԱՏՁՄ ղեկավարը շեշտեց՝ և սփյուռքում, և Հայաստանում գիտական և տեխնոլոգիական ոլորտում կան շատ կազմակերպություններ, որոնց միավորումը անհրաժեշտություն է: Առանց միավորման դրանց գործունեությունը անարդյունավետ է լինելու:

Կարինե Տերտերյան

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում