«Բուժում է Վարդանանցը» գիրքը կբացահայտի տարածված հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուժում է Վարդանանցը» գրքի՝ շուրջ 600 էջում ամփոփված են տարածված հիվանդությունների՝ ապացուցողական բժշկության վրա հիմնված ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին, ներառում է առօրյա պրակտիկայում կիրառվող 137 գործելակարգերի նկարագրություն։ Առաջիկայում նախատեսվում է համալրել ժողովածուն և ընդգրկել ևս 695 գործելակարգեր, որոնք կարդիականացվեն տարին մեկ անգամ։
Գրքի հեղինակային խմբի գիտական ղեկավար, «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանն ասաց, որ իրենց նպատակը գրքի միջոցով մասնագիտական հանրությանն ու հասարակության լայն շրջանակին տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից միջազգային մոտեցումներին ծանոթացնելն է, մոտեցումներ, որոնք հաջողությամբ կիրառվում են «Վարդանանց» ՆԲԿ-ում: Նպատակ ունեն նաև խթանել ՀՀ-ում մասնագիտական քննարկումների և բանավեճերի կայացմանը:
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ բուժվեն բարձրագույն չափանիշներով: Մարդը չի ցանկանում գնալ զիջումների, երբ խոսքն առողջության մասին է, և նա ուզում է վստահ լինել, որ իրեն ցույց են տվել ախտորոշման և ախտորոշումից դեպի բուժում ամենակարճ ճանապարհը: Կապ չունի՝ խոսքը սովորական հարբուխի՞, թե՞ ավելի լուրջ առողջական խնդրի մասին է»,-նշեց Մանգոյանը:
Հենվել են միջազգային փորձի վրա և մշակել են հատուկ ձևաչափ: «Առանց հատուկ ձևաչափի նյութն ուղղակի տեսական կլիներ, կնմանվեր գրքերի, որոնք բժիշկները դնում են մի անկյունում, հանգիստ են լինում, որ դրանք կան, սակայն երբեք չեն բացում: Մենք փորձել ենք գործընկեր գիրք ստեղծել, որն ինֆորմատիվ է ու վստահելի»,-շեշտեց Հարություն Մանգոյանն ու հավելեց, որ 2023 թվականին լույս կտեսնի հավաքածուի՝ համալրված ևս մեկ հատորը:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում համոզված են, որ «Բուժում է Վարդանանցը» կդառնա առողջապահության ոլորտի՝ հատկապես առաջնային օղակի բժիշկների սեղանի գիրքը և կօգնի նրանց իրենց գործունեությունը համապատասխանեցնել ժամանակակից մոտեցումներին։
Գիրքը վաճառվելու է 55 հազար դրամով: Շնորհանդեսին ներկա առաջնային օղակի թերապևտները և ընտանեկան բժիշկները «Բուժում է Վարդանանցը» գիրքը ստացան որպես նվեր:
Գրքի շնորհանդեսին մասնակից բժիշկների համար ևս մեկ անակնկալ էր պատրաստվել՝ 1 միլիոն դրամի ծածկույթով «Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության» անվանական սերտիֆիկատների տեսքով, որոնք բժիշկներին տրամադրեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը։