Հասարակական

Քրիստիննե Գրիգորյանը Ներքին Հանդում արձանագրել է բնակիչների իրավունքի իրացման խախտումների փաստեր

2 րոպեի ընթերցում

Քրիստիննե Գրիգորյանը Ներքին Հանդում արձանագրել է բնակիչների իրավունքի իրացման խախտումների փաստեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք, որը սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով անվտանգային առավել դժվար իրավիճակում է հայտնվել: «Արմենպրես»-ին պաշտպանի գրասենյակից տեղեկացրին, որ Գրիգորյանը հետաքրքրվել է համայնքի բնակիչների անվտանգության ապահովման, կենսական ենթակառուցվածքներից ու հաղորդակցության ուղիներից օգտվելու, բնակիչների սեփականության իրավունքի խախտումների փաստերից:

Պաշտպանն արձանագրել է, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ագրեսիվ ու շարունակվող ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչների, հատկապես կանանց ու երեխաների համար ստեղծվել է առավել դժվարին իրավիճակ՝ հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության, բնականոն կենսաապահովման, սեփականության ու կրթության իրավունքի և այլ հիմնարար իրավունքների իրացման համար:

Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է բնակիչներին, որ փաստահավաք առաքելության հետևությունները կներկայացվեն ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ կոնկրետ առաջարկություններ կուղարկվեն կառավարությանը՝ առաջարկելով լուծումներ արձանագրված խնդիրների համար:

Պաշտպանին ուղեկցել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում