ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գնահատմամբ՝ արտաքին դերակատարների կողմից 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք։
Ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում, որը բացառիկության սկզբունքով հրապարակել է «Արմենպրես»-ը՝ հայերեն և անգլերեն, նշվում է, որ 2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն։
«Ներքին ապակայունացման և հանրային կարծիքի վրա բացասական ազդեցություն ունենալու նպատակով տարածաշրջանում սեփական ռազմավարական շահեր սպասարկող դերակատարները կփորձեն ստեղծել արհեստական լոգիստիկ խոչընդոտներ, վարչարարության անտեղի բարդացումներ, պայմանագրային պարտավորությունների կամայական մեկնաբանություններ։ Նման պայմաններում տնտեսական փոխկապակցվածությունների կամ կախվածությունների բազմազանեցման ուղղությամբ հնարավորությունների փնտրման և օգտագործման քայլերը Հայաստանի համար արտաքին վնասակար ճնշումները բալանսավորելու և տնտեսական զարգացում ապահովելու հնարավորության պատուհան կարող են դառնալ»,-ընդգծում է Արտաքին հետախուզության ծառայությունը։
Ըստ կառույցի փաստաթղթի՝ դինամիկ փոփոխվող տարածաշրջանում առանձնահատուկ կարևորություն ունի տնտեսական դիմակայությունը, ռիսկերի կառավարումը և նոր հնարավորությունների բացահայտումը։ Անկախացումից ի վեր Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ շարունակ բախվում է տնտեսական զարգացման, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման, տեխնոլոգիաների հասանելիության, էներգետիկ ինքնաբավության, բազմազանեցման և նմանատիպ այլ մարտահրավերների։
2025 թվականին Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների և պաշտպանական կարողությունների դեմ կիբերհարձակումները ևս կշարունակեն մարտահրավեր մնալ։
«Որպես արտաքին տարբեր դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվող հիբրիդային ճնշման գործիքակազմի մաս, Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների տարբեր ինտենսիվության կիբեր թիրախավորման նպատակը կշարունակի մնալ տնտեսական, քաղաքական, հոգեբանական ու տեղեկատվական վնասակար ազդեցության միջոցով Հայաստանի պետական շահերը չսպասարկող որոշումների կայացմանը հասնելը»,-նշում է ԱՀԾ-ն: