Քաղաքականություն

Մեր օրինակը կարող է ոգեշնչող լինել Հայաստանի համար․ Եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարները խոսել են եվրաինտեգրման ճանապարհի մասին

3 րոպեի ընթերցում

Մեր օրինակը կարող է ոգեշնչող լինել Հայաստանի համար․ Եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարները խոսել են եվրաինտեգրման ճանապարհի մասին

Երբ մերձբալթյան երկրները սկսեցին եվրաինտեգրման գործընթացը, ամենամեծ աջակցողները Հյուսիսային Եվրոպայի գործընկերներն էին, ովքեր օգնում էին խորհուրդներով և հորդորներով։ Մերձբալթյան երկրներն այդ աջակցությունը ստացել են նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով քննարկմանը հաջորդած հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Լաուրի Հուսսարը։ 

«Փորձել ենք լինել Եվրոպայում լավագույն ուսանողները, ընդունել ենք բոլոր օրենսդրական ակտերը։ Երբեմն նույնիսկ ավելի պահպանողական էինք, քան Հռոմի Պապը։ Շատ ենք քննադատվել, սակայն կայացրել ենք մեզ համար լավագույն որոշումը, ինչն օգնել է մեզ իրականացնել բարեփոխումներ ու ստեղծել արդիական հասարակություն՝ մոռանալով անցյալը։ Մեր կամքն էր լինել Եվրոպայի, մեր դաշնակիցների կողքին։ Սա կարող է ոգեշնչող օրինակ լինել նաև Հայաստանի համար»,- ասաց Հուսսարը։ 

Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Կարստեն Հյոգեն իր հերթին նշեց, որ այն ժամանակ, երբ երկրներն ընտրում են անկախության ճանապարհը, մեծ տերությունները հայտնվում են շփոթմունքի մեջ, քանի որ չգիտեն, թե ինչպես վարվեն։ 

«Գերտերությունները նույնիսկ փորձում էին խոչընդոտել մերձբալթյան երկրների անկախության ճանաչման գործընթացին։ Հյուսիսային Եվրոպայի փոքր երկրներն առաջինը ճանաչեցին բալթյան պետությունների անկախությունը, ինչին հետևեց արդեն մեծ եվրոպական տերությունների ճանաչումը։ Մի անորոշ իրավիճակում, երբ փոքր պետությունները խիզախեցին և կատարեցին այդ քայլը, հետագայում այդ օրինակին հետևեցին նաև գերտերությունները։ Եթե խիզախ ենք, ապա կարող ենք աջակցել մեր գործընկերներին։ Սա կարող է ոգեշնչող գործոն լինել նաև Հայաստանի պարագայում»,- ասաց Հյոգեն։

Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Յուսի Հալլա-Ահոն էլ հավելեց, որ իրենք քաղաքական կամք ունեն, որպեսզի աջակցեն Հայաստանին, որը պետք է կենտրոնանա իր ապագայի վրա։ 

«Պետք է լավարկել ու բարելավել հասարակության ներքին դիմակայունությունը, որպեսզի այն լինի ավելի ուժեղ։ Ուղիներից մեկը վստահության ամրապնդումն է ձեր քաղաքացիների միջև, ինչպես նաև վստահությունն իշխանությունների հանդեպ։ Համակարգն էլ իր հերթին պետք է վստահի քաղաքացիներին։ Այդ դեպքում մարդիկ կցանկանան ավելի շատ աշխատել հասարակության համար, եթե հավատան, որ յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով, որ համակարգն էլ աշխատում է քաղաքացիների, այլ ոչ թե որոշ անձանց կամ նեղ խմբի շահերի համար»,- ասաց Հալլա-Ահոն։   

  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում