Սփյուռք

Դրսում մեր պայքարը հայապահպանման համար է. Իսպանիայի հայ համայնքի «Արարատ» ընկերության նախագահ

14 րոպեի ընթերցում

Դրսում մեր պայքարը հայապահպանման համար է. Իսպանիայի հայ համայնքի «Արարատ» ընկերության նախագահ

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը Իսպանիայի հայ համայնքի «Արարատ» ընկերության նախագահ, պատմաբան, բանաստեղծ Արարատ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

- Պարոն Ղուկասյան, օրերս մեր թերթն անդրադարձավ մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան հանրային գրադարանի հետ Ձեր գործակցության նախաձեռնությանը: Կուզեի՞ք ինչ-որ բան ավելացնել:

- Նախ շնորհակալություն հայտնեմ մեր հերթական՝ երրորդ հանդիպման, այս հրավերի եւ գրադարանում կայացած միջոցառմանն անդրադառնալու համար, միջոցառում, որի հանգուցակետը պիտի լինի իսպանական անկյան բացումը վարպետի անունը կրող մշակութային նշյալ օջախում: Նախատեսված է անկյունը համալրել իսպաներեն 1000-ից ավելի կտոր գեղարվեստական ու մասնագիտական գրականությամբ, որպեսզի կարողանանք զարկ տալ իսպանագիտությանը Հայաստանում: Եվ ուզում եմ վերստին երախտագիտությունս հայտնել գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին, ով սիրով ու ջերմությամբ արձագանքեց մեր առաջարկին: Կարծում եմ, գալիք տարի անկյունն արդեն կգործի: Հայրենիք այցիս բուն նպատակը հենց դա էր՝ մասնակցել Հայ-իսպանական բարեկամության օրվան՝ կարեւոր մի հանգամանք, քանզի այնքան էլ նախանձելի վիճակում չեն հայ-իսպանական դիվանագիտական հարաբերությունները, ապա գոնե մշակութային եւ կրթական բնագավառում կարողանանք այդ համագործակցությունը հնարավորինս սերտացնել: Եվ, ով գիտե, մի քանի տարի հետո գուցեեւ հնարավոր լինի մայրաքաղաքում ստեղծել Սերվանտեսյան ինստիտուտ:

- Գիտենք, թե ինչպիսի ջանքեր են անհրաժեշտ համախմբելու սփյուռքյան որեւէ համայնք, մեկտեղելու նրանց՝ ի նպաստ հայ գաղութի, ի նպաստ նաեւ հայրենիքի: Դուք ղեկավարում եք «Արարատ» միությունը, որի գործունեությանն այնքան էլ ծանոթ չենք

- Միությունն ստեղծվել է 2004 թ. սեպտեմբերի 1-ին, այն առաջին հայկական կազմակերպությունն է Իսպանիայի թագավորությունում: Կազմակերպության հովանու ներքո հենց նույն օրը կյանքի է կոչվել հայկական դպրոց, որը գործում է արդեն 18 տարի անընդմեջ: Լիովին զբաղված ենք հայ ինքնության պահպանմամբ՝ մեր փոքրիկներին ուսուցանելով մայրենի լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, որպեսզի նոր եկողներն ու այնտեղ ծնված հայորդիները կարողանան ասել, խոսել, միմյանց հետ շփվել, գրել-կարդալ մեր ոսկեղենիկ լեզվով: Այսօրվա պես հիշում եմ դպրոցի հիմնադրման օրը. երբ մեր վարձակալած սրճարանը մտան քույր-եղբայր Գայանեն եւ Ստեփանը, նրանք միմյանց հետ խոսում էին իսպաներեն: Երբ նույն լեզվով ինձանից մի բաժակ ջուր խնդրեցին՝ ես մտերմաբար հանդիմանեցի եւ հորդորեցի խոսել հայերեն: Նրանք ասացին, որ ապրում են Իսպանիայում եւ այդ լեզվով են խոսում, եւ որ իրենց հետ մեր մայրենիով խոսողներ չկան: Նրանց խոստացա, որ սեպտեմբերի 1-ից հայկական դպրոց է գործելու հենց այդտեղ՝ սրճարանում: Ասացի եւ մոռացա, քանի որ չէի հավատում, որ իրենք հիշելու են խոստումս եւ ժամանակ անց գալու են նորից: Գալու են իրենց տատիկի հետ՝ ձեռներին գրիչ ու տետր: Անկեղծորեն՝ ինձ համար անսպասելի էր նման այցը: Եվ արագորեն վազում եմ խանութ, գնում մի փոքրիկ գրատախտակ ու կավիճ, եւ այդ օրվանից սկսում է գործել հայկական դպրոցը, նաեւ՝ միությունը: Դասերն սկսում ենք երկու աշակերտով, երկու ամիս անց նրանց թիվը հասնում է 42-ի: Քանի որ շատ էր սովորողների թիվը, ստիպված էինք թողնել սրճարանում գործող դպրոցը, դիմում ենք քաղաքապետարան՝ համապատասխան տեղ հատկացնելու դասընթացներ կազմակերպելու համար: Քաղաքապետարանը բարյացակամությամբ ընդառաջեց, եւ ընդարձակվեց դպրոցական միջոցառումների շրջանակը՝ ներկայացումներ աշակերտների ուժերով, գրքերի շնորհանդեսներ, հանդեսներ, նկարչական ցուցահանդեսներ: Սկսեցինք մասնակցել նաեւ այլեւայլ միջոցառումների՝ ներկայացնելով մեր մշակույթը: Սա երեւույթ էր ոչ միայն մեր հայրենակիցների, այլեւ իսպանացիների, օտարազգի իսպանաբնակների համար, ովքեր անծանոթ էին Հայաստան երկրին, նրա պատմությանն ու մշակույթին: Սա ազդակ էր, որպեսզի նրանք ավելի մոտիկից շփվեին ու ծանոթանային մեր ինքնությանը: Այսպես սկսեցինք մեր գործունեությունը, այնուհետեւ Իսպանիայում մեր միությունը դարձավ պիոները բազմաթիվ նախաձեռնությունների՝ թարգմանեցինք հայկական հեքիաթներ ու պատմվածքներ, տեղադրեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Ջիվան Միրզոյանի հեղինակած «Կենաց խաչ» հուշակոթողը, հիմնադրեցինք «Հայրենիք» շաբաթաթերթը, որը ցայսօր միակ մայրենատառ պարբերականն է Իսպանիայում, ունեցանք առաջին հայկական ռադիոժամը, ստեղծեցինք հայկական անդրանիկ ֆուտբոլային թիմը, որն այժմ, ցավոք, չի գործում:

- Տեղյակ եմ, որ Դուք հիմնավորվել եք Վալենսիայում, որտեղ մեծաթիվ է հայ համայնքը: Իսկ ուրիշ ո՞ր քաղաքներում են շատ մեր հայրենակիցները:

- Ոչ թե Վալենսիայում, այլ դրան կպած՝ 45 հազար բնակչությամբ Միսլատա քաղաքում, որտեղ այսօր շուրջ 300 հայ է ապրում: Սա Իսպանիայի ամենահայաշատ քաղաքն է: Շատ են հայերը հենց Վալենսիայում, Ալիգանտեում, Բարսելոնայում, Մադրիդում: Ի դեպ, նշեմ, որ Միսլատան առանձնանում է մյուս քաղաքներից նրանով, որ այստեղ բնակվում են 115 ազգերի ներկայացուցիչներ: 1994-ին հայերս այստեղ ընդամենը 50 հոգի էինք: Հետագա տարիներին մերոնց թիվը հասավ 500-600-ի: Այսօր այդ թիվը կիսվել է: Եթե մարզերով ասենք՝ ամենաշատ հայեր ապրում են Վալենսիայի մարզում՝ շուրջ 5 հազար, Կատալոնիայում՝ գրեթե նույնքան, Մադրիդում, Անդալուզիայի մի շարք քաղաքներում՝ Մալագայում, Սեւիլիայում, Բասկերի երկրում: Ընդհանրացնելով՝ այդ թիվը կհասնի 15 հազարի:

- Իսկ արդյոք կապ կա այս համայնքների միջեւ:

- Նախկինում այդ կապն ավելի սերտ էր՝ անկախ հեռավորությունից: Այժմ, ցավոք, այն թուլացել է՝ կախված ներհայաստանյան եւ նրա շուրջ տիրող իրավիճակից… Ցավոք, պառակտվածությունը նկատելի է ոչ միայն հայրենիքում. այլեւ՝ սփյուռքում: Սա ե՛ւ հասկանալի է, ե՛ւ անհասկանալի: Մինչդեռ, եթե մենք սփյուռքում մեզ նվիրել ենք հայապահպանման գործին, ուրեմն իրավունք չունենք լինելու պառակտված: Եթե մինչ հեղափոխությունը մեզ կապում էր ամենակարեւոր՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անկյունաքարը, ապա այսօր այդ կռվանը գրեթե չի գործում: Անթույլատրելի է նման իրողությունը: Իսպանիան դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մինչեւ 2020 թ. այդ ուղղությամբ սփյուռքում տարվող պայքարը շահեկանորեն ուժեղ էր, այն միավորում էր բոլորիս: Կրկին հիշատակեմ, որ Իսպանիայում 39 քաղաք եւ 6 մարզ արդեն ճանաչել են Մեծ եղեռնը, սակայն վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո այդ պայքարը գրեթե մարել է, քանի որ ոչ միայն կենտրոնական իշխանությունը, այլ նաեւ տեղական իշխանություններն այլեւս ձեռնամուխ չեն լինում պատմական այդ իրողությունը ճանաչելուն:

- Տեղյակ ենք, որ իսպանահայ գաղութը վերջին մի քանի տասնամյակների ծնունդ է: Ամեն դեպքում, ինչպիսի՞ն է հայկական հետքը այդ երկրում

- Իսպանիան հայ գաղութի դասական պատմություն չունի՝ եղեռնից հետո այս երկրում հայեր չեն հանգրվանել: Ամենահնաբնակ հայերը այստեղ են եկել Լիբանանից եւ Սիրիայից, ովքեր այդ երկրներից պատերազմներից հետո են հեռացել: Մյուսները հետխորհրդային տարիների արհավիրքներից՝ երկրաշարժի գոտուց, պատերազմական մղձավանջներից հետո եկածներ են, որ կազմում են տեղի հայության 95 տոկոսը: Շուրջ 25-30 տարվա պատմություն, թեեւ հայկական հետքը շատ ավելի հին է. ըստ որոշ պատմաբանների՝ Պիրինեյան թերակղզու առաջին բնակիչները եղել են Իսավա գյուղում, որն այժմ Նավառայի մարզում է: Իսավայի քարանձավներում հայտնաբերվել է 13 մարդու կմախք, որոնց անվանել են «կանաչ մարդիկ», քանի որ նրանք քարանձավներում պղինձ են ձուլել եւ այդտեղ էլ հուղարկավորվել են: Ստացած կանաչ գույնը պղնձի հետեւանք է, եւ երբ ուսումնասիրել են գանգերը, պարզվել է, որ նրանք արմենոիդներ են: Շատ զարմանալի է այդ փաստը, բայց ես չեմ զարմանում, քանզի բասկերն իրենք են համոզված, որ իրենց նախնիները եկել են Հայկական լեռնաշխարհից: Եվ պատահական չէ, որ նրանց լեզուն բազմաթիվ հայկական տարրեր ունի, բազմաթիվ հայկական աշխարհագրական անուններ կան ինչպես բասկերի երկրում, այնպես էլ Նավառայում: Օրինակ՝ Արալար լեռ ունեն, Ուրիատրի բնակավայր, Էրմենիա տեղանք, Ուժ գետ: Անուններ՝ Արշալույս, Արշակ, Արմենտեր: Կամ՝ ամենաշատ տարածված Այտոռ անունը, որը պատմաբանները կապում են հենց «հայի թոռ» լինելու հանգամանքի հետ: Նրանց լեզվից թարգմանված «տոռը» նշանակում է զարմիկ, մեզ մոտ՝ հայի թոռ: Նրանց բառերի մի մասի բառարմատը կամ վերջածանցը եւս հայերեն է, ինչպես «գույն» վերջածանցը՝ լավագույն, վատագույն: Ի դեպ, ինքս նույնպես հայտնաբերել եմ բազմաթիվ կապեր հայերենի եւ իսպաներենի միջեւ. օրինակ՝ «լավառ կամ լավառս» նշանակում է լվացվել, լվալ, կամ՝ «լուս»՝ լույս, «պոսո»՝ փոս: Բազմաթիվ այսպիսի բառեր, որոնք գրեթե նույն արմատն ունեն: Նման շուրջ 90 բառ եմ հայտնաբերել, որոնք ունեն գրեթե նույն արմատները: Ցավոք, մենք այնքան խիզախ չենք, որ իրենց ասենք այս ճշմարտությունը, եւ որ դրանք ուսուցանվեն դասագրքերով կամ ներկայացվեն առանձին հրապարակումներով:

Հայկական հետքի մասին խոսելիս, կարող ենք հասնել մինչեւ մեր թվարկության առաջին դարը, երբ Տեկլա սրբուհին Տարագոնայում Պողոս առաքյալի հետ սկսում է քարոզել քրիտոնեությունը: Եվ ամուսնությունից խուսափելով՝ փախչում է՝ ենթարկվելով հետապնդումների: Քարանձավում թաքնվելն էլ չի փրկում կույսին. երբ զինվորները հասնում են այստեղ, սրբուհու աղոթքներից քարանձավը փլվում է: Զոհվում է ինքը՝ զինվորների հետ միասին: Փլատակներից կարողանում են հանել միայն նրա ձեռքը, որը քրիստոնյաները տանում են Կիլիկիա: Այն 1321 թ. հայոց Լեւոն թագավորը հետ է վերադարձնում Տարագոնա քաղաքին: Եվ այժմ, Կատալոնիայի այս նույն քաղաքում նշում են «Հայկական նվերի օր» կամ «Սուրբ Տեկլայի» օրը:

Այնուհետեւ հասնում ենք Գրիգոր Նարեկացու ժամանակները, երբ ապրել է այնտեղ Սեմյոն Հայը, ով նույնպես բազմաթիվ հիշատակություններ ունի Իսպանիայի վերաբերյալ: Նա եղել է Սանտյագո դե Կոմպոստելյա քաղաքում եւ առաջին հայն է, որ այցելել է սուրբ Հակոբի մասունքները պարունակող գերեզմանոց: Նրանից հետո նույն քաղաքում է հայտնվել Մարտիրոս Երզնկացին՝ Կոլումբոսի արշավանքների ժամանակ: Նա կատարել է Հակոբի անցած ճանապարհով ողջ քայլերթը, մասնակցել Կոլումբոսի ճանապարհորդություններից մեկին, հասել մինչեւ թվացյալ Հնդկաստան, որն իրականում Ամերիկան էր:

16-րդ դարում իսպանական Կադիս քաղաքում հայտնվում են առեւտրական հայերը, կառուցում են եկեղեցի, որում առ այսօր պահպանվում են հայերենով գրություններ: Չմոռանանք նշել, որ դրանից առաջ Իսպանիայում է եղել մեր Լեւոն 6-րդ թագավորը, որին, 1375 թ. Կիլիկիայի թագավորության անկումից հետո, իր ընտանիքի անդամների հետ, եգիպտական մամլուկները գերեվարել եւ տարել էին Կահիրե: Սակայն, տասնամյակներ անց, Կաստիլիայի եւ Արագոնի թագավորները փրկագնով նրան ազատում եւ բերում են Իսպանիա, նրան նվիրում Մադրիդ, Անդրուխար քաղաքները, նշանակում Մադրիդի իշխան՝ նրան տալով այդ տիտղոսը, որին, ի դեպ, հայ թագավորից հետո, որեւէ մեկը չի արժանացել: Հետո նա մեկնում է Ֆրանսիա եւ այնտեղ վախճանվում: Այժմ Լեւոն արքայի անունով փողոց կա Մադրիդում:

- Գանք մեր ժամանակները. ունե՞նք հայտնի հայեր Իսպանիայում:

-Իհարկե, ունենք. ջութակահար Արամ Ալիկյան, որին ինքս զուգահեռում եմ Շառլ Ազնավուրի հետ՝ Իսպանիայում: Գիգեն Մազմանյան ՝ 2005-ին ճանաչված Վալենսիայի գլխավոր տոների թագուհի: Սիրուն Դեմիրճյան, ով այսօր վարում է Իսպանիայի հանրային հեռուստատեսության առաջին ալիքի լուրերը: Լիլիթ Մանուկյան՝ գլխավոր հեռուստախաղերի հաղթողը իսպանագիտության-աշխարհագիտության մրցույթում: Չեմ կարող չնշել նաեւ եղբորս՝ Արթուր Ղուկասյանի մասին, ով համագործակցում է ձեր թերթի հետ… Թերեւս, այսքանը Իսպանիայում հայկական հետքի, այնտեղ հանգրվանած մեր հայրենակիցների, մեր ծավալած գործունեության մասին:

- Ամփոփե՞նք:

-Ամփոփենք այն հույսով, որ հայրենիքը պիտի սկսի հզորանալ, հզորանալ այնքան, որ թշնամին սարսափի մոտենալ մեր՝ առանց այդ էլ սեղմված երկրի սահմաններին…

Զրույցը՝ Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում