Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը վերոնշյալ թեմաների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ պետական աջակցությամբ ծրագրերի հետ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի համադրման դեպքում կարող ենք էական առաջընթաց ապահովել մի շարք ծրագրերի պարագայում, ինչպիսիք են Սփյուռքի կրթօջախների քարտեզագրումը, հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը, Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցումը և այլն:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է արևմտահայերենի դասավանդման երաշխավորված ծրագիր՝ նախատեսված ավագ դասարանների համար: Նա ընդգծել է Սիրիայից և Լիբանանից Հայաստան տեղափոխված երեխաների ինտեգրման և արևմտահայերենի խրախուսման կարևորությունը:

Նախանշվել են ուսուցիչների վերապատրաստման, արևմտահայերենի դասավանդման մեթոդական նյութերի պատրաստման նպատակով ջանքերի միավորման հեռանկարները:

Արևմտահայերենի տարածման ուղղությամբ Ժաննա Անդրեասյանը որպես լուծում առաջարկել է հանրակրթական պետական նոր չափորոշչով նախատեսվող նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում են 7-րդ դասարանից: Ըստ Անդրեասյանի՝ նախագծային աշխատանքի նյութ կարող է լինել արևմտահայերենին վերաբերող որևէ թեմա՝ սկսած պատմությունից մինչև գրականություն: Նա շեշտել է նաև սփյուռքահայ և հայաստանցի երեխաների համագործակցության հնարավորությունը: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է պետական աջակցությամբ իրականացվող Համահայկական հայագիտական օլիմպիադան՝ որպես նախագծային ուսուցման եզրափակիչ փուլ դիտարկելու հնարավորությունը:

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով արևմտահայերենի նկատմամբ պետական մոտեցումը:

Նրա գնահատմամբ՝ արևմտահայերենի պահպանման խնդիրը Հայաստանում և Սփյուռքում տարբեր բնույթ է կրում: Նա տեղեկացրել է, որ քննարկման փուլում է արդի արևմտահայերեն գրականության ընթերցարան ստեղծելու հարցը, ինչը միտված է լեզվի տարածմանը: Ռ. Փանոսյանը դրական է գնահատել ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, վերապատրաստման գործընթացի, համատեղ նախագծային աշխատանքի իրականացման հնարավորությունը:

Հանդիպմանը քննարկվել են արևմտահայերենի թվայնացման, դպրոցականների ներգրավմամբ արևմտահայերենով տարբեր հարթակների, կայքերի պատրաստման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև հայագիտության խրախուսմանն ու զարգացմանը միտված համատեղ ծրագրերի մշակմանը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը